«Ատիպիկ պնեւմոնիայից» ապաքինված պացիենտի հակամարմինները չեզոքացրել են SARS-CoV-2 կորոնավիրուսը  

19:21   18 մայիսի, 2020

2003-ին ծանր սուր շնչառական համախտանիշ (ԾՍՇՀ) տարած պացիենտի մոտ արտադրված հակամարմինները կարող են ճնշել մարդկանց վարակելու նոր SARS-CoV-2 կորոնավիրուսի ունակությանը: Այս մասին ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature ամսագրում:

Հետազոտությունն իրականացվել է լաբորատոր պայմաններում, in vitro, եւ այն ցույց է տվել, որ մոնոկլոնային հակամարմինները կապել են նոր կորոնավիրուսի S-սպիտակուցը եւ արգելափակել բջիջները վարակելու նրա ունակությունը:

2003 թվականին գրանցվել է ԾՍՇՀ-ի («ատիպիկ պնեւմոնիա») մեծ բռնկում, սակայն այդ հիվանդությունը չի ստացել այնպիսի տարածում, ինչպես COVID-19-ը: Դրա հարուցիչը՝ SARS-CoV կորոնավիրուսը, կառուցվածքով եւ հատկություններով մոտ է նոր SARS-CoV-2 կորոնավիրուսին, որն առաջացնում է COVID-19:

Գիտնականները ապաքինված հիվանդի B-լիմֆոցիտներից (հիշողության բջիջներ) ստացել են SARS-CoV վիրուսի դեմ մի քանի տեսակի մոնոկլոնային հակամարմիններ: Լաբորատոր պայմաններում նրանք պարզել են, թե դրանցից որը կարող է կապվել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի հետ: Ինչպես պարզվել է, 8 հակամարմիններ կարող են տարբեր չափով չեզոքացնել նոր կորոնավիրուսը: Դրանցից մեկը (S309) հատկապես ուժեղ եւ հատուկ ձեւով կապված է եղել S-սպիտակուցի հետ, որը պատասխանատու է մարդու վարակման համար:

Հակամարմինները հաջողությամբ կապվում էին ինչպես ազատ վիրուսի, այնպես էլ վարակված բջիջներում գտնվող վիրուսի հետ: Նրանք կարող էին ազդել S-սպիտակուցի տարբեր հատվածների վրա, աշխատել առանձին-առանձին եւ միմյանց հետ համատեղ: Ավելին, դրանց համատեղ օգտագործումը ուժեղացրել է արդյունքը։

Գիտնականների խոսքերով՝ հակամարմինները, որոնք ունակ են չեզոքացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը, կարող են օգնել դրա դեմ դեղամիջոցների կամ պատվաստանյութերի ստեղծմանը: COVID-19-ի դեմ նրանք առաջարկում են փորձել օգտագործել տարբեր հակամարմիններից կոկտեյլներ՝ դա կարող է SARS-CoV-2-ի հնարավոր մուտացիաների պատասխանը դառնալ: Սակայն դրան պետք է նախորդեն մարդկանց վրա կատարված հետազոտությունները:



© NEWS.am Medicine