Ինչո՞ւ են հակադեպրեսանտները վտանգավոր հղիության ժամանակ

09:48   19 մայիսի, 2020

Սերոտոնինի (սերտրալին) հակադարձ ընդգրկման սելեկտիվ ինհիբիտորներն այսօր անչափ տարածված են եւ հաճախ են նշանակվում դեպրեսիայի դեպքում: Այս դեղամիջոցները մեծացնում են ուղեղում սերոտոնինի խտությունը, իսկ սերոտոնինը, ինչպես հայտնի է, կարեւոր է սաղմի ձեւավորման համար: Նման դեղամիջոցները հղիների համար անվտանգ են համարվում, սակայն գրանցվել են տեղեկություններ դրանց բացասական էֆեկտի մասին, որն ազդում է երեխաների զարգացման վրա, հայտնում է Medical Express-ը:

Թաֆթսի համալսարանից գիտնականները որոշել են պարզել այս երեւույթը եւ փորձեր են անցկացրել ճանճերի ու դրանց թրթուրների վրա (որոնք շատ նման են մարդկային սաղմերին): Գիտնականները ենթադրել են, որ սերունդի մոտ բնածին արատների ի հայտ գալը կարող է լինել սերտրալինի կողմից ԴՆԹ-ի վնասման հետեւանք: Այդ դեպքում խնդիրը կլուծեր C վիտամինի նման հակաօքսիդանտի օգտագործումը:

Գիտնականները ելնում էին այն բանից, որ դեղամիջոցի ազդեցությամբ թրթուրները ավելի դանդաղ կզարգանան, քան սովորաբար: Բայց գործնականում թրթուրների գրեթե կեսը ոչնչացել է դեռեւս մինչ այն, երբ հասել է իր զարգացման վերջին փուլին: Փոխարենը հակաօքսիդանտների (С վիտամինի) կիրառումը թույլ է տվել գրեթե բոլոր թրթուրներին կենսունակ մնալ:

Հետաքրքիր է, որ սերտրալինը նախկինում թունավորություն չի ցուցաբերել մարդկանց եւ կրծողների բջջային մշակույթների հետ ացկացված փորձարկումներում: Վերջերս կատարված հետազոտության արդյունքում փորձագետները ճանճերի թեւերի հյուսվածքները թաթախել էին սերտրալինի մեջ: Արդյունքում ԴՆԹ-ի՝ նորմից 3 անգամ ավել ճեղքումներ են գրանցվել հյուսվածքների բջիջներում:

Ըստ գիտնականների՝ դեղամիջոցը բնածին արատներ է առաջացնում՝ ուղղակիորեն վնասելով զարգացող էմբրիոնների գենետիկ կոդը: Ուստի հղիության ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել հակադեպրեսանտներ ընդունելուց:



© NEWS.am Medicine