Գիտնականները կանխատեսում են կորոնավիրուսի հետեւանքով մահացության աղետալի մակարդակ

11:09   19 մայիսի, 2020

COVID-19-ը շատ ավելի մահաբեր է, քան գրիպը, պնդում են Վաշինգտոնյան համալսարանից գիտնականները:

Նրանց խոսքով՝ եթե ԱՄՆ-ն եւ մյուս երկրները չսկսեն կորոնավիրուսի դեմ վճռական պայքարը, մահվան դեպքերի թիվը կարող է հասնել աղետալի նիշերի, հաղորդվում է հետազոտողների նոր հոդվածում, որը հրապարակվել է Health Affairs ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդ եւ հիվանդության ախտանիշներ ունեցող մարդկանց շրջանում մահացության մակարդակը կազմում է 1,3 տոկոս: Իսկ ահա սեզոնային գրիպի հետեւանքով մահացության մակարդակը շատ ավելի ցածր է՝ ընդամենը 0,1 տոկոս: Այս վիճակագրությունը հիմնված է 33 նահանգների 116 շրջաններում կորոնավիրուսով վարակվածների հիվանդացածության եւ մահացության վերաբերյալ տվյալների վրա:

Գիտնականների կանխատեսումներով՝ եթե 2020 թվականի վերջին ԱՄՆ-ում վարակվի նույնքան մարդ, որքան 2018-2019 թվականների գրիպի համաճարակի ժամանակ (35,5 մլն մարդ), ապա COVID-19-ի հետեւանքով կմահանա մոտ 500 հազար մարդ: Ընդ որում՝ նոր կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան գրիպի վիրուսը: Ամենալավատեսական կանխատեսմամբ՝ մեկ տարում վարակակիր կլինի ԱՄՆ բնակչության 20 տոկոսը, իսկ մահվան դեպքերի թիվը կարող է հասնել 350 հազարից մինչեւ 1,2 միլիոնի:



© NEWS.am Medicine