Կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող հիդրօքսիքլորոքինը կարող է վտանգավոր լինել. հետազոտություն

17:33   19 մայիսի, 2020

Կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող հիդրօքսիքլորոքինը կարող է վտանգավոր լինել: Այս մասին հայտնում է Shanghai Daily  պարբերականը՝ վկայակոչելով չինացի գիտնականների հետազոտությունը:

Գիտնականները խոստովանել են, որ այն կարող է սկզբնապես նպաստել ապաքինման մոտեցմանը եւ նվազեցնել կորոնավիրուսի ախտանիշները: Սակայն կողմնակի էֆեկտները հավասարեցնում են հնարավոր օգուտը:

Չինաստանի Ժույցզին քաղաքի հիվանդանոցում անցկացված հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով 150  պացիենտի փետրվարի 11-ից մարտի 20-ը: Պացիենտներին բաժանել են 2 խմբի. առաջին խումբը ստացել է հիդրօքսիքլորոքին (բուժման առաջին օրը 1200 մգ եւ դրանից հետո ամեն օր 800 մգ), երկրորդ խումբը ստացել է ստանդարտ դեղորայք:

Հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ Սե Ցինն ասել է, որ իրենց երկու խմբերի միջեւ էական տարբերություն չեն հայտնաբերել:

Գիտնականները նշել են, որ հիդրօքսիքլորոքինի կիրառումից կողմնակի ռեակցիաների հաճախականությունը կազմել է 30%, ինչը ավելին է, քան երկրորդ խմբում՝  8,8%:  



© NEWS.am Medicine