Կոմայից դուրս եկած մարդուն զարմացրել են COVID-19 համավարակի մասին պատմությամբ

20:15   19 մայիսի, 2020

Մեծ Բրիտանիայից 69-ամյա Բրայան Հարվին մի քանի շաբաթ գտնվել է արհեստական կոմայի մեջ։ Երբ նա արթնացել է, նրան զարմացրել են երկրում մոլեգնող COVID-19 համավարակի մասին պատմությամբ։

Ինչպես պատմում է Metro-ն, մարտի 21-ին պնեւմոնիայից տառապող Հարվիին հոսպիտալացրել եւ միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Բարդությունների պատճառով նրան կոմայի մեջ են գցել, եւ միայն դրանից հետո կորոնավիրուսի թեսթ կատարել։ Արդյունքը դրական է եղել։  

Երբ 6 թոռների պապ Հարվին ընկել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, համավարակը դեռեւս այս թափը չուներ Մեծ Բրիտանիայում։ Սակայն չորս շաբաթվա ընթացքում, երբ նա կոմայի մեջ էր, ցուցանիշները կրիտիկական աճել էին՝ երկրում արդեն հայտնաբերվել էր ավելի քան 247 000 վարակված, նրանցից 34 000-ը մահացել էին։

«Նա ուշքի եկավ եւ հայտարարեց, որ առաջին անգամ է լսում կորոնավիրուսի մասին։ Մենք ստիպված էինք բացատրել, որ աշխարհում տարածվում է վտանգավոր վիրուս, եւ բոլոր հաստատությունները փակ են»,- պատմել է նրա 32-ամյա դուստր Ֆեյ Սթեյփլթոնը։

Երբ Հարվին FaceTime-ով կապի մեջ է մտել ընտանիքի հետ, նրա բոլոր հարազատները լաց են եղել։

«Նա հարցրեց մեզ՝ ինչու ենք մենք լալիս։ Մենք բացատրեցինք նրան, որ վախենում էինք այլեւս չտեսնել նրա անունը զանգող հեռախոսի էկրանին»,- պատմել է Սթեյփլթոնը։

Ներկայում Հարվին ֆիզիոթերապիա է անցնում, որպեսզի վերականգնի անշարժ մնալուց խեղված մկանները։

 



© NEWS.am Medicine