Որ մթերքներն են մեծացնում օրգանիզմի կենսաբանական տարիքը

09:46   21 մայիսի, 2020

Որոշ մթերքներ մեծացնում են բջիջների ծերացման արագությւունը։ Այս մասին նախազգուշացնում են Նավարայի համալսարանի գիտնականները։

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման մթերքների թվին են պատկանում հացաբուլկեղենը եւ սնեքները, գազավորված ըմպելիքները, տարատեսակ աղանդերները, եգիպտացորենի շաքարային փաթիլները, կիսաֆաբրիկատները եւ վերամշակված մսամթերքները։ Բոլոր այս մթերքները համարվում են ուլտրամշակված։

Նման մթերքներն ունեն կոնսերվանտների եւ ներկերի, շաքարի, ճարպի եւ աղի բարձր պարունակություն, իսկ, ահա, վիտամիններ եւ բջջանյութ դրանց մեջ շատ քիչ կա։ Գիտնականների կարծիքով՝ այդպիսի մթերքների հանդեպ սերը սպառնում է արագ ծերացմամբ։ Բանն այն է, որ դրանց մշական օգտագործումը կրճատում է թելոմերները՝ քրոմոսոմների ծայրային հատվածները, որոնք կրճատվում են բջիջների բաժանման յուրաքանչյուր ցիկլի հետ, եւ վկայում են օրգանիզմի կենսաբանական տարիքի մասին։ Որքան երկար են թելոմերները, այնքան երիտասարդ է օրգանիզմը։

Տարիքի հետ թելոմերները անխուսափելիորեն կարճանում են, սակայն որոշ արտաքին գործոններ նպաստում են դրանց արագ կարճացմանը։ Այդ գործոնների թվում է նաեւ սնունդը։ Կատարվել է փորձ՝ 57-91 տարեկան 886 մարդու մասնակցությամբ, որոնց մոտ ուսումնասիրել են սննդակարգի եւ թելոմերների երկարության կապը։

Պարզվել է, որ օրական ավելի քան երեք բաժին ուլտրամշակված մթերքներ օգտագործող մարդկանց մոտ երկու անգամ բարձրացել է թելոմերների կարճացման ռիսկը։



© NEWS.am Medicine