Եթե կորոնավիրուսի տարածումը չճնշվի, բացառված չէ, որ օրական կլինի 120-200 մահ, 70-ի փոխարեն. նախարար

16:21   21 մայիսի, 2020

Հայաստանում անցյալ տարի ամեն օր գրանցվել է մոտ 75 մահ (բոլոր պատճառներով), իսկ այս տարի՝ մոտ 69: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երկրում ընդհանուր մահացության փոքր-ինչ նվազումը կապված է այն բանի հետ, որ կարանտինային միջոցառումների շնորհիվ փողոցներում մեքենաներն ու տրանսպորտային միջոցներն ավելի փոքրաթիվ են, ինչի հետեւանքով դրանց պատճառով վնասվածքների եւ մահվան դեպքերը ավելի քիչ են անցյալ տարվա համեմատությամբ:

Երկրում գործնականում չեն գրանցվում նաեւ ՍՇՎ դեպքեր (կորոնավիրուսային ինֆեկցիայից բացի), եւ սա նույնպես կարող է կապված լինել կարանտինային միջոցառումների հետ:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ հիմա կարելի է չանհանգստանալ եւ ոչինչ չանել. անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխարգելելու համար, որպեսզի Հայաստանում մահացությունը չաճի, ինչպես եղավ Իտալիայում, Իսպանիայում եւ մի շարք այլ երկրներում:

«Մենք պետք է պահպանենք եղած արդյունքները, որ մեզ մոտ չլինի այնպիսի իրավիճակ, ինչպես Իսպանիայում կամ Իտալիայում, որտեղ ամենօրյա մահերը 50-ով ավելացել էին՝ միջին ցուցանիշի համեմատ: Մեզ մոտ կարող է լինել օրական 120-150-200 մահ, եւ այսպիսի սցենարը բացառված չէ, եթե չկարողանանք ինֆեկցիայի տարածումը ճնշել», - ասաց նախարարը:



© NEWS.am Medicine