Մեկուսացված քաղաքացիների շրջանում ունեցել ենք կորոնավիրուսի 1000 դեպք․ նախարար

14:18   22 մայիսի, 2020

Հյուրանոցներում մեկուսացված քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի մետ 1000 դեպք է հայտնաբերվել։ Այս մասին Հանրային խորհրդի նիստին պատմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մեկուսացումից ինքնամեկուսացման անցնելը առողջապահական համակարգի ուժերի գերլարվածություն է պահանջելու։ Քաղաքացիներին, ում մոտ հնարավոր է կորոնավիրուս լիներ, հյուրանոցներում պահելը մեծ ռեսուրսներ էր պահանջում, սակայն դա արդյունավետ հակահամաճարակային միջոցառում էր, որի արդյունքում կորոնավիրուսի մոտ 1000 դեպք էր հայտնաբերվել։ Եթե այդ քաղաքացիները մեկուսացված չլինեին, նրանք կկորեին մասնագետների տեսադաշտից եւ հիվանդության պոտենցիալ տարածողներ կդառնային։

Սակայն մեկուսացման ռազմավարությունը շարունակելն արդեն անհնար է դառնում, եւ վարակի տարածման դեմ պայքարի հիմնական գործիք առաջիկայում դառնալու է ինքնամեկուսացումը։ Նախարարի խոսքով՝ կան գործիքներ՝ թե տեխնիկական եւ թե դաշտային՝ ինքնամեկուսացման պրոցեսը վերահսկելու համար, եւ այդ գործիքների զարգացումը կօգնի համաճարակային իրավիճակը հնարավորինս վերահսկելի պահել։

Նախարարը նաեւ նշեց, որ հայտնի չէ, թե երբ է պանդեմիան ավարտվելու, եւ պետք է պատրաստ լինել երկար պայքարի, «քանի դեռ բոլորը չեն վարակվել, կամ չի հայտնաբերվել ուղիղ ազդող դեղամիջոց կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն»։ Սակայն մոտ ապագայում պատվաստանյութի ի հայտ գալու հավանականությունը, նախարարի կարծիքով, շատ փոքր է։



© NEWS.am Medicine