Դիմակ կրելը կարեւոր է, նույնիսկ եթե որոշ քաղաքացիներ դա անում են ոչ ճիշտ․ Արսեն Թորոսյան

15:34   22 մայիսի, 2020

Դիմակների համատարած կրումը, նույնիսկ եթե դա արվում է սխալ եւ ոչ պատշաճ կերպով, կարեւոր է եւ օգնում է նվազեցնել կորոնավիրուսային վարակի տարածումը։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ դիմակները, իհարկե, պետք է պատշաճ կրել, ժամանակին փոխել, սակայն նույնիսկ եթե որոշ քաղաքացիներ դա սխալ են անում, դիմակների համատարած կրումը, միեւնույն է, հիվանդացության ընդհանուր իջեցում է ապահովում։

Թորոսյանի խոսքով՝ դա նկատվել էր դեռ մոտ 100 տարի առաջ, իսպանական գրիպի պանդեմիայի ժամանակ․ ժամանակակից դիմակներ այն ժամանակ դեռ չկային, եւ մարդիկ կրում էին կտորից պատրաստված դիմակներ, եւ նույնիսկ դրանք օգնում էին նվազեցնել հիվանդության տարածումը։

«Դիմակ կրելը կարեւոր է, նույնիսկ եթե, դժբախտաբար, որոշ քաղաքացիներ այն կրում են բազմակի եւ ոչ ճիշտ»,- ասաց նախարարը։

Դիմակների մանրածախ գներին անդրադառնալով՝ նա նշեց, որ դիմակների գները եւ ինքնարժեքը աճել են ամբողջ աշխարհում։ Նախարարությունը մեծ խմբաքանակներ է գնում՝ 100 000 դիմակ, եւ նույնիսկ այդ դեպքում մեկ հատը արժենում է մոտ 145-150 դրամ։ Զարմանալի չէ, որ մանրածախ գները էլ ավելի բարձր են, բայց գուցե դրանք կարգավորվեն տնտեսական մրցակցության շնորհիվ։



© NEWS.am Medicine