Օրվա ընթացքում որքա՞ն հաճախ է անհրաժեշտ ձեռքերը լվանալ

10:22   23 մայիսի, 2020

Կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ օրական նվազագույնը 6-10 անգամ: Այսպիսի հանձնարարականով են հանդես եկել Լոնդոնի Համալսարանական քոլեջի բրիտանացի հետազոտողները:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել նման վիրուսների եւ 1663 մարդկանց հիգիենիկ ռեժիմի մասին 2006-2009 թվականներին հավաքած տեղեկությունների վերլուծության արդյունքում, հայտնում է BBC-ն:

Պարզվել է՝ հավանականությունը, որ մարդիկ կվարակվեն, ավելի փոքր է, եթե նրանք ձեռքերը լվանում են օրական նվազագույնը 6 անգամ: Ճիշտ է, ձեռքերը չափից ավելի հաճախ լվանալն անիմաստ է. օրական 10 անգամից ավելի ձեռքերը լվանալը վարակման հավանականությունը չի նվազեցրել:

Մասնագետներն ընդգծում են, որ ձեռքերը պետք է լվանալ պարբերաբար՝ անկախ շնչառական հիվանդությունների առկայությունից կամ բացակայությունից: Սա կօգնի պաշտպանել ձեզ եւ կանխել շջապատողների շրջանում վիրուսի չկանխամտածված տարածումը:

Ընդ որում՝ ձեռքերն օճառով անհրաժեշտ է լվանալ 20 վայրկյանից ոչ պակաս: Այս պրակտիկան հատկապես արդիական է այն բանից հետո, երբ մարդը քիթը սրբել է, փռշտացել, հազացել, ուտելուց կամ կերակուր պատրաստելուց առաջ: Կարեւոր է նաեւ ձեռքերը լվանալ հանրային վայրեր այցելելուց եւ տրանսպորտից օգտվելուց հետո:



© NEWS.am Medicine