Ուլտրամանուշակագույն դիմակը կարող է պաշտպանել կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող բժիշկներին

16:30   23 մայիսի, 2020

Ռուսաստանցի գիտնականները ստեղծել, արտոնագրել եւ սկսել են արտադրել հատուկ բազմակի օգտագործման դիմակ, որը կարող է բուժաշխատողներին աշխատանքի ժամանակ պաշտպանել կորոնավիրուսից եւ շնչառական այլ ինֆեկցիաներից: Մշակումն արդեն փորձարկել են Բելոյարսկի ԱԷԿ-ի աշխատակիցները, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Սա թափանցիկ վահանիկ է, որի վերին հատվածում տեղակայված է կոմպակտ ուլտրամանուշակագույն ճառագայթիչ: Այն դեմքի շուրջ պաշտպանություն է ստեղծում՝ որի միջով անցնելիս վիրուսների ՌՆԹ-ն եւ ԴՆԹ-ն ոչնչանում է: Ընդ որում՝ դիմակը մարդու համար անվտանգ է, քանի որ թափանցիկ ապակին ուլտրամանուշակագույն ճառագայթներին թույլ չի տալիս ընկնել աչքերի մեջ կամ դեմքի վրա, նշված է մասնագետների զեկույցում:

Համակարգը վիրուսները ոչնչացնում է 254 նանոմետր երկարությամբ ալիքներից ուղղորդված ուլտրամանուշակագույն ճառագայթման հաշվին: Դրա մեջ օգտագործվում են կոմպակտ մարտկոցներ, որոնք առանց լիցքավորման աշխատում են 7-8 ժամ: Այս միջոցի արդյունավետությունը գնահատվում է 90 տոկոս:



© NEWS.am Medicine