Ալկոհոլի հետ խնդիրնե՞ր ունեք. Գենային 29 տարբերակները կարող են բացատրել՝ ինչու

10:47   28 մայիսի, 2020

Ավելի քան 435 000 մարդու գենոմային անալիզով հայտնաբերվել են 29 գենետիկ տարբերակներ՝ կապված ալկոհոլի գործածման խնդիրների հետ, հայտնել են Յելի համալսարանի Բժշկական ֆակուլտետի հետազոտողները:

Հետազոտությունը ներառում է եվրոպական ծագման մարդկանց գենոմի անալիզը, որ պարունակվում է 4 առանձին բիոբանկերում կամ տվյալների հավաքակազմում: Հետազոտողները փորձել են ընդհանուր գենետիկ տարբերակներ գտնել նրանց շրջանում, ովքեր համապատասխանել են ալկոհոլի խնդրահարույց գործածման չափանիշներին, ներառյալ ալկոհոլամոլությունը եւ բժշկական հետեւանքներ ունեցող ալկոհոլի գործածումը: Այս խանգարումներն ամբողջ աշխարհում բազմաթիվ բժշկական խնդիրների հիմնական պատճառներն են:

Անալիզը հայտնաբերել է ալկոհոլի խնդրահարույց գործածման ռիսկի նախկինում անհայտ 19 անկախ գենետիկ գործոններ եւ հաստատել ռիսկի նախկինում հայտնաբերված 10 գործոններ, հայտնում է Medicalxpress-ը:

Բիոբանկի տվյալների մեթավերլուծությունը տեղեկություններ է ներառել նաեւ մի շարք հոգեկան խանգարումների ռիսկի գենետիկ գործոնների մասին: Այդ տեղեկությունները հետազոտողներին թույլ են տվել ուսումնասիրել ընդհանուր գենետիկ կապերը ալկոհոլի գործածման խնդիրների եւ այնպիսի խանգարումների միջեւ, ինչպիսին են դեպրեսիան եւ տագնապայնությունը:

Նրանք նաեւ հայտնաբերել են, որ այս տարբերակների գենետիկ ժառանգականությունը հարստացված էր ուղեղում եւ գենոմի էվոլյուցիոն կոնսերվատիվ կարգավորող հատվածներում, ինչը վկայում է կենսաբանական ֆունկցիայի համար դրանց նշանակության մասին: Օգտագործելով Մենդելեեւյան ռանդոմիզացիա կոչվող տեխնոլոգիան՝ նրանք կարողացել են ուսումնասիրել, թե ինչպես է մեկ գենետիկորեն ազդող նշանն ազդում մյուս գենետիկորեն կապված նշանի վրա:

«Սա մեզ հնարավորություն է տալիս հասկանալ ալկոհոլի գործածման խնդրահարույց առանձնահատկությունների միջեւ պատճառահետեւանքային կապերը, ինչպիսին են հոգեբուժական վիճակները, ռիսկային պահվածքը եւ մտավոր ունակությունները»,- նշել է Յելի համալսարանի հոգեբուժության ոլորտի գիտաշխատակից եւ հետազոտության առաջատար հեղինակ Հանգ Չժոուն:

«Այս արդյունքների շնորհիվ մենք կարող ենք անհատական մակարդակում նաեւ ավելի լավ գնահատել ռիսկը ալկոհոլի խնդրահարույց գործածման համար»,- ասել է Գելերնթերը:



© NEWS.am Medicine