Հույներին կփորձեն պաշտպանել կորոնավիրուսից ԲՑԺ պատվաստման միջոցով

13:48   28 մայիսի, 2020

Հունիսի 1-ից Հունաստանում համընդհանուր ԲՑԺ պատվաստում կսկսվի, նպատակը երկրի բնակիչներին կորոնավիրուսից պաշտպանելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Neakriti-ին:

Այդ միջոցին հավանություն է տվել դեղամիջոցների հարցերով ազգային գործակալությունը, պատվաստում կանցկացվի Աթենքում, Սալոնիկում, Պատրայում եւ այլ քաղաքներում:

ԲՑԺ պատվաստման արդյունավետությունը գիտնականները հաստատել են հետազոտության ընթացքում: Պարզվել է, որ 3 տարվա ընթացքում պատվաստված մարդիկ 5 անգամ քիչ են ենթարկվել ռեսպիրատոր վարակներով վարակվելու ռիսկին:

«Երբ չկա հատուկ պատվաստանյութ, կարելի է կոլեկտիվ իմունիտետ զարգացնել ընդհանուր պաշտպանություն ապահովվող պատվաստանյութի միջոցով»,-ասել է Աթենքի ազգային համալսարանի պրոֆեսոր Էվանգելոս Յամարելոսը:

Նա նշել է, որ պատվաստումից առաջ պացիենտները կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստ կհանձնեն:

ԲՑԺ-ն տուբերկուլոզի դեմ պատվաստանյութ է: Մի շարք երկրներում այն պատվաստում են ծնվելուց հետո բոլոր երեխաներին, եւ դրա գործողությունը պահպանվում է կյանքի ողջ ընթացքում: 

  Այդ կապակցությամբ ենթադրվում է, որ երկրներում, որտեղ ԲՑԺ զանգվածային պատվաստում տեղի կունենա, կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը կնվազի:     



© NEWS.am Medicine