Միացված հեռուստացույցով քնելը վտանգավոր է կազմվածքի եւ առողջության համար

20:34   31 մայիսի, 2020

Մարդիկ, ովքեր պարբերաբար քնում են այնպիսի պայմաններում, երբ հեռուստացույցը միացած է կամ արհեստական լույսի այլ աղբյուր կա, ավելի հաճախ են ճարպակալման զոհ դառնում: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են 35-75 տարեկան 45 000 մարդու տվյալները, հայտնում է Planet-Today-ը:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ առանց քրոնիկ սրտանոթային պաթոլոգիաների մարդկանց շրջանում, ովքեր քնում են աշխատող հեռուստացույցի կամ արհեստական լույսի այլ աղբյուրի կողքին, ճարպակալման վտանգը աճում է մոտ 20%-ով: Բացի ճարպակալման հավանականությունից, մեծանում է նաեւ ուղեկցող հիվանդությունների զարգացման ռիսկը:

«Եթե դուք պարբերաբար քնում եք միացված հեռուստացույցով, դա կարող է ամենատհաճ հետեւանքները ունենալ ձեր կազմվածքի եւ ընդհանրապես առողջության համար: Խնդիրը, որը մենք ուսումնասիրել ենք, հատկապես արդիական է կանանց համար»,- ասում են հետազոտության հեղինակները՝ Միացյալ Նահանգների Առողջության ազգային ինստիտուտի աշխատակիցները:

Որպեսզի ձեր քունը առավելագույնս առողջ լինի, անհրաժեշտ է ուշադիր հետեւել ննջասենյակում լուսային աղտոտվածությանը, ինչպես նաեւ հետեւել ընդհանուր խորհուրդներին: Օրինակ՝ քնելուց առաջ օդափոխել ննջասենյակը եւ հետեւել ջերմաստիճանին (քնելու տեղում պետք է մի թեթեւ զով լինի): Որակյալ գիշերային հանգստի եւս մեկ կանոն` քնելուց առնվազն մեկ ժամ առաջ պետք է հրաժարվել ցանկացած էլեկտրոնային սարքի հետ փոխազդեցությունից:



© NEWS.am Medicine