Ինչպես է կորոնավիրուսը տարածվում, եւ ինչպես իրականում նրանից կարելի է պաշտպանվել

21:28   30 մայիսի, 2020

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսով վարակման օդային ուղին ցույց տվեց, որ համաճարակի դեմ պայքարում դիմակների կրումը սկզբունքային նշանակություն ունի, ինչը եւ ստիպեց ԱՀԿ-ին վերանայել իր որոշումը եւ խորհուրդ տալ դրա համատարած կիրառումը։ Ընդ որում, ինչպես վիրաբուժական, այնպես էլ տնային պայմաններում պատրաստված դիմակները միատեսակ արդյունավետ նվազեցնում են վիրուսով վարակման ռիսկը։ Այս մասին, հղում անելով Science ամսագրում հրապարակված հետազոտությանը, հայտնեց Վերարտադրողական բժշկության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը։

«Ավելի լավ հասկանալու համար այն գործընթացները, որոնք տեղի են ունենում գիտական աշխարհում, եւ հետագա քաղաքական քայլերը, կբերեմ երեկ չէ առաջին օրվա մեկնաբանությունների ռեզյումեն, որն արվել է աշխարհի առաջատար գիտական պարբերականներից մեկի՝ Science ամսագրի «Նվազեցնել SARS-CoV-2-ի փոխանցումը» վերնագրով հոդվածում։

- Շնչառական վարակները փոխանցվում են վիրուս պարունակող կաթիլների (5-10 μm) կամ աերոզոլների միջոցով (<5 μm)։ COVID-19-ը, ինչպես պարզվում է, հիմնականում փոխանցվում է աերոզոլային մասնիկների կողմից, ինչով էլ բացատրվում են դրա բարձր վարակունակությունը եւ օդում «դիմանալու» ունակությունը։

- SARS-CoV-2-ը երեք անգամ ավելի արագ է բազմանում, քան SARS-CoV-1-ը, իսկ աերոզոլների մանր մասնիկներին կպչելու ունակության շնորհիվ միանգամից ներթափանցում է թոքերի խորքը (առանց նստվածք տալու քիթ-կոկորդային կամ կոկորդ-շնչափողային պատնեշների շրջանում, ինչպես ավելի խոշոր կաթիլների դեպքում է), ինչով էլ բացատրվում է այն փաստը, որ վարակի ամենաակտիվ փոխանցողները, որպես կանոն, այն մարդիկ են, ում մոտ հիվանդության ախտանիշները չեն հասցրել զարգանալ։

- Լայնամասշտաբ թեսթավորումները կօգնեն նույնականացնել վիրուսի շատ ակտիվ եւ ագրեսիվ տարածողներին, որոնց մոտ հիվանդությունը դեռեւս անախտանիշ փուլում է։

- ԱՀԿ-ի խորհրդատվությունները արվել են այն աշխատանքների հիման վրա, որոնք անցկացվել են 1930-ին՝ 100 μm չափերով վիրուսակաթիլային վարակի համար։ Դրանք ենթադրաբար 5 վայրկյանի ընթացքում նստում են 1,5 մ հեռավորությամբ։ Սակայն SARS-CoV-2-ը կարող է 12,4 ժամ սավառնել ընդամենը 1 μm չափի աերոզոլում։

- 1,5 մետր սոցիալական հեռավորության մասին ԱՀԿ-ի խորհրդատվությունները, հնարավոր է, պետք է վերանայել (որպեսզի հեռավորությունն ավելացվի)։

- Փակ տարածքներում հազից վիրուսը կարող է հասնել մինչեւ 7 մետր հեռավորության, իսկ բաց երկնքի տակ քամու հոսքը կարող է աերոզոլային մասնիկները տեղափոխել զգալի հեռավորությամբ։

- Վարակման օդային (աերոզոլային, ոչ միայն կաթիլային) ուղիները ցույց են տվել, որ համաճարակի դեմ պայքարում դիմակների կրումը սկզբունքային նշանակություն ունի, ինչը ստիպել է ԱՀԿ-ին վերանայել իր որոշումը եւ խորհուրդ տալ դրա համատարած կիրառումը։

- Ինչպես վիրաբուժական, այնպես էլ տնային պայմաններում պատրաստված դիմակները միատեսակ արդյունավետությամբ են նվազեցնում վիրուսով վարակման ռիսկը։

- Դիմակների համատարած կրումը կտրուկ բարելավել է համաճարակաբանական ցուցանիշները Թայվանում, Հոնկոնգում, Սինգապուրում, Հարավային Կորեայում։ 24 մլն բնակչությամբ Թայվանը վարակի դեմ բաց ռեժիմով է պայքարում, առանց բնակչության Lockdown-ով կարանտինի եւ ձեռնարկությունները փակելու։ Դրանց մարտավարության մեջ սկզբունքային տեղ է զբաղեցնում, ինչպես արդեն նշել ենք, դիմակների համատարած կրումը։

  1. Նույն հոդվածից նկարում հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, որ ցուցադրված են ոչ թե 2, այլ 4 իրավիճակ եւ, համապատասխանաբար, ռիսկի 4 աստիճան, սակայն նշված են վարակման եւ վարակի տարածման առավել մեծ ռիսկով (երկու զրուցակիցներն էլ առանց դիմակի են) եւ առավել փոքր ռիսկով (երկու զրուցակիցներն էլ դիմակով են) իրավիճակները»,- գրել է նա։



© NEWS.am Medicine