Ինչպիսի՞ն է առարկաներից կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

11:17   1 հունիսի, 2020

COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսը այնքան էլ հեշտ չի տարածվում մակերեւույթներին կամ առարկաներին հպվելիս: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների մասնագետները, հայտնում է Live Science-ը:

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը կարող է կենսունակությունը օդի մեջ պահպանել մինչեւ 3 ժամ, պղնձի վրա՝ մինչեւ 4 ժամ, ստվարաթղթի վրա՝ մինչեւ 24 ժամ, իսկ պլաստիկի եւ չժանգոտվող պողպատի վրա՝ մինչեւ 72 ժամ: Բայց հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե վիրուսն իրականում որքան երկար է պահպանվում մակերեւույթներին եւ որքանով վարակիչ կարող են լինել այդ մակերեւույթները:

Մասնագետների խոսքով՝ վիրուսի փոխանցման հիմնական ճանապարհն է մարդկանց միջեւ շփումը: Բոլոր մյուս եղանակներով վիրուսն այդքան էլ հեշտ չի տարածվում:

Իհարկե, վարակվել հնարավոր է, եթե ձեռք տաք աղտոտված մակերեւույթին եւ այնուհետեւ հպվեք բերանին, աչքերին, քթին: Ուստի մակերեւույթները ախտահանող միջոցներով մաքրելը կարեւոր է ոչ միայն նոր կորոնավիուսի, այլ նաեւ մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման տեսակետից, ընդգծում են մասնագետները:



© NEWS.am Medicine