Կորոնավիրուս. Հայտնաբերվել է ռիսկի նոր խումբ

15:14   1 հունիսի, 2020

Նոր կորոնավիրուսով վարակվելու մեծ հավանականության խմբի մեջ են մտել ծխողները եւ ալկոհոլ գործածող մարդիկ: Այսպիսի կարծիք է հայտնել Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, Հանրային առողջության ռուսական ասոցիացիայի նախագահ Անդրեյ Դյոմինը:

«Պառլամենտսկայա գազետա» պարբերականի հետ հարցազրույցում նա նշել է, որ մարդկային օրգանիզմը որոշակի «ամրության պաշար» ունի: Իսկ ծխողի մոտ, մասնագետի խոսքով, օրգանիզմի պահուստները սպառված են դեռեւս մինչեւ վիրուսի հետ հանդիպումը:

Վկայակոչելով ԱՀԿ հետազոտությունը՝ մասնագետը զգուշացրել է, որ ալկոհոլի գործածումն ախտահարում է իմունային համակարգը, վնասում թոքերը, ինչպես նաեւ խախտում է լյարդում անհրաժեշտ նյութերի սինթեզը: Այս ամենը նպաստում է COVID-19-ի ծանր ընթացքին:

Ներկայումս կորոնավիրուսի ռիսկի ավանդական խմբեր են համարվում 65-ն անց անձինք, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով մարդիկ:



© NEWS.am Medicine