COVID-19-ի բոլոր դեպքերի գրեթե կեսն անցնում է առանց ախտանիշների. մասնագետներ

15:31   2 հունիսի, 2020

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի բոլոր դեպքերի գրեթե կեսը կարող է լինել առանց ախտանիշների, զգուշացնում են մասնագետները: Պացիենտների 40 տոկոսից ավելին չունի հազի, բարձր ջերմության կամ շնչառության դժվարության նման ախտանիշներ, հայտնում է The Daily Mail-ը: Խոսքը, որպես կանոն, երիտասարդ պացիենտների, կանանց եւ ներքին օրգանների վնասումների փոքր ծավալով անձանց մասին է:

Ամերիկացի մասնագետները վերլուծել են կորոնավիրուսի դրական թեստով 78 պացիենտների վիճակը (նրանց մոտ ինֆեկցիան հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերի 24-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 24-ը): Պարզվել է, որ 45 պացիենտի մոտ են եղել ինֆեկցիայի ախտանիշներ՝ չոր հազ, տենդ, հոգնածություն եւ հեւոց: Սակայն 33 պացիենտի մոտ (42 տոկոսից ավելի) չի եղել հիվանդության նշված ախտանիշներից ոչ մեկը:

Առանց ախտանիշների ընթացքով պացիենտները եղել են 20-ից մինչեւ 40 տարեկան, իսկ ախտանիշներով պացիենտները՝ 30-ից մինչեւ 60 տարեկան: Ավելի հաճախ ախտանիշներ չեն ունեցել կանայք: Դրանից բացի, առանց ախտանիշների պացիենտների խմբում եղել են լյարդի վնասմամբ ավելի քիչ թվով մարդիկ: Իսկ նրանց թոքերը սովորականից ավելի արագ են վերականգնվել՝ 9 օր ստանդարտ 15-ի դիմաց:

Հայտնի է նաեւ, որ առանց ախտանիշների մարդիկ վիրուսը տարածել են 8 օր, իսկ ինֆեկցիայի ախտանիշներով պացիենտները՝ 19 օր:



© NEWS.am Medicine