Սոցիալական հեռավորություն, դիմակներ եւ ակնոցներ․ որքանով է այս ամենն արդյունավետ COVID-19-ի կանխարգելման համար

11:03   3 հունիսի, 2020

Սոցիալական հեռավորության առնվազն 1 մետրի պահպանումը, դիմակների եւ աչքերի պաշտպանական միջոցների կրումը իսկապես արդյունավետ է COVID-19-ով վարակման դեմ։ Այսօրվա դրությամբ նոր կորոնավիրուսի փոխանցման այդ նախազգուշական միջոցների վերաբերյալ բոլոր գիտական տվյալների խոշորագույն վերլուծությունը հրապարակվել է The Lancet ամսագրում։

Հետազոտության հեղինակները անցկացրել են SARS-CoV-2 կորնավիրուսի փոխանցման կանխարգելման միջոցների արդյունավետության համակարգված տեսություն եւ մեթաանալիզ՝ նրանք դիտարկել են 16 երկրներում անցկացվող 172 դիտարկումների եւ 44 համեմատական հետազոտությունների տվյալները։

9 հետազոտությունների եզրակացությունները, որում ներառված են եղել մոտ 7800 մասնակիցներ, վկայել են կորոնավիրուսով վարակման դեմ հեռավորության պահպանման արդյունավետության մասին։ Այդ հետազոտությունների համաձայն, վարակվածից առանց 1 մետր հեռավորության պահպանման վարակման հավանականությունը կազմում է 13%, 1 մետր հեռավորությունը պահպանելու դեպքում ռիսկը նվազում է մինչեւ 3%։

Մաթեմատիկական մոդելավորումը ցույց է տալիս, որ կանխարգելման արդյունավետությունը կարող է աճել հեռավորության մեծացմանը զուգընթաց՝ 3 մետր հեռավորության դեպքում վարակի փոխանցման ռիսկը կկրճատվի եւս 2 անգամ։ Սակայն տեսության հեղինակները նշում են, որ դեռեւս բարդ է ասել, թե որքանով ավելի լավ կպաշտպանի 2-3 մետր հեռավորությունն իրական կյանքում։

13 հետազոտություններ կենտրոնացել են աչքերի համար վահանակների եւ ակնոցների արդյունավետության վրա։ Ինչպես պարզվել է, դրանց օգտագործումը վարակման հավանականությունը 16%-ից նվազեցնում է մինչեւ 6%։

10 հետազոտություններ էլ կենտրոնացել են դիմակների օգուտի վրա՝ ինչպես պարզվել է, դիմակները վարակման հավանականությունը 17%-ից նվազեցնում է մինչեւ 3%։ Սակայն հարկ է նշել, որ այս տվյալները գերազանցապես վերաբերում են տանը, բնակարանում, որտեղ եղել են վարակվածներ, դիմակներ կրելուն։

Մեկ այլ վերլուծության համաձայն, N95 ռեսպիրատորներն ավելի լավ են պաշտպանում բուժաշխատողներին COVID-19-ից, քան վիրաբուժական դիմակները։

Գիտնականները նշում են, որ իրենց կողմից ուսումնասիրված բոլոր կանխարգելման միջոցները, նույնիսկ գրագետ համադրության դեպքում, կորոնավիրուսից լիարժեք պաշտպանություն չեն ապահովում։



© NEWS.am Medicine