Պացիենտների միայն 10 տոկոսի մոտ է կորոնավիրուսի դեմ հակամարմիններ մշակվում

16:47   8 հունիսի, 2020

Նոր կորոնավիրուսով վարակված պացիենտներից միայն 10 տոկոսի մոտ են մշակվում այդ վիրուսի դեմ հակամարմիններ: Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական, պրոֆեսոր Քերոլ Սիկորան, փոխանցում է The Daily Mail-ը:

Նրա խոսքով՝ COVID-19-ը հաղթահարած մարդկանց մեծամասնության մոտ հակամարմինների անալիզի պատասխանը բացասական կլինի: Եվ հենց այս պատճառով իմաստ չունեն հակամարմինների ստուգման համար բնակչության զանգվածային թեստավորումները. դրանք չեն օգնի համավարակի իրական մասշտաբները գնահատելուն:

Շատ երկրների կառավարություններ հույս ունեն, որ կորոնավիրուսի դեմ հակամարմինների ստուգման զանգվածային թեստավորումը կօգնի ճիշտ որոշումներ կայացնել կարանտինային միջոցառումների թուլացման կապակցությամբ. նրանք, ովքեր կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունեն, կկարողանան, օրինակ, աշախատանքի վերադառնալ:

Բայց, մասնագետի խոսքով, հիվանդությունը հաղթահարածներից ամենեւին ոչ բոլորի մոտ են հակամարմիններ մշակվում. ոմանց օրգանիզմը, հնարավոր է, վիրուսից պաշտպանվելու համար այլ իմունային պատասխան է օգտագործում: Օրինակ՝ Т բջիջները օրգանիզմի պաշտպանության առաջին գիծն են, եւ դրանք սկսում են «գործել» դեռեւս մինչ այն, երբ հակամարմինների անհրաժեշտություն է առաջանում:

Մասնագետի խոսքով՝ օրգանիզմի իմունային պատասխան որոշ հատվածներ գիտնականների համար առայժմ գաղտնիք են մնում. դրանք դեռեւս անհնար է հասկանալ կամ «չափել»: Իսկ դա նշանակում է, որ կորոնավիրուսի համավարակի իրական չափերը գնահատելու կամ հիվանդությունն արդեն հաղթահարածներին հայտնաբերելու միջոց, հավանաբար, չկա:



© NEWS.am Medicine