Ասպիրինն արդյոք կարո՞ղ է օգնել դեպրեսիայի կանխարգելմանը

13:32   10 հունիսի, 2020

Ասպիրինն արդյունավետ չէ դեպրեսիայի կանխարգելման գործում. ասպիրինի 100 միլիգրամի ամենօրյա ընդունումը չի նվազեցրել տարեցների մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry-ում:

Գիտնականներից շատերի կարծիքով՝ դեպրեսիան կարող է ունենալ «բորբոքային» պատճառներ, հայտնում է medportal.ru-ն: Համապատասխանաբար՝ հակաբորբոքային դեղամիջոցները դիտարկվում են որպես այս հիվանդության կանխարգելման եւ բուժման պոտենցիալ միջոց:

Նոր հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ տարեցների շրջանում փոքր դեղաչափով ասպիրինի կանոնավոր ընդունումը դեպրեսիան չի կանխում: Սա, այդուհանդերձ, չի նշանակում, որ պետք է հրաժարվել դեպրեսիայի զարգացման «բորբոքային» տեսությունից:

Նոր հետազոտությունն ավելի խոշոր՝ ASPREE trial հետազոտության մասն է, որոնք մշակվել էին տարբեր հիվանդությունների կանխարգելման մեջ ասպիրինի արդյունավետությունը ստուգելու համար: Դրա շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են 65 տարեկանից ոչ փոքր գրեթե 20 հազար մարդու տվյալները, որոնց հետազոտել են շուրջ 4,7 տարի: Վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդկանց շրջանում, որոնք օրական ընդունում են ասպիրինի 100 միլիգրամ, դեպրեսիան հանդիպում է գրեթե նույնքան հաճախ, ինչպես պլացեբո ընդունող մարդկանց շրջանում: Գրեթե նույնպիսին է եղել նաեւ 2 խմբերի մասնակիցների շրջանում դեպրեսիայի պատճառով հոսպիտալացման տարածվածության ցուցանիշը:



© NEWS.am Medicine