Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 19-րդ տեղում է

14:46   10 հունիսի, 2020

Հայաստանն արդեն աշխարհում 19-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքերի թվով: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում արդեն գրանցվել է վարակման 14 103 դեպք, իսկ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 4760 դեպք:

Հիշեցնենք, որ երկիրը հունիսի 8-ին այս ցուցանիշով 20-րդ տեղում էր, հունիսի 5-ին՝  աշխարհում 22-րդ տեղում, իսկ հունիսի 3-ին՝ 28-րդ:

Երկու օր առաջ 19-րդ տեղը զբաղեցնում էր Շվեդիան, որը հիմա իջել է 20-րդ տեղ. այնտեղ, վերջին տեղեկություններով, մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 4549 դեպք: 18-րդ տեղում Իռլանդիան է՝ 5110 դեպքով: Իսկ առաջին երեք տեղերը նախկինի պես զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը՝ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման համապատասխանաբար 25 600, 20 279 եւ 14 981 դեպքերով:

Աշխարհում վարակակիրների բացարձակ թվով, ինչպես նախկինում, առաջատարը ԱՄՆ-ն է. այնտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 2 045 715 պացիենտի մոտ: Մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 6182 դեպք. ԱՄՆ-ն այս ցուցանիշով հիմա աշխարհում 12-րդ տեղում է:

Հատկանշական է, որ Չինաստանում, որտեղ անցյալ տարվա վերջին սկսվեց COVID-19-ի բռնկումը, մինչեւ հիմա գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83 046 դեպք, ինչը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի ընդամենը 58 տոկոսն է: Չինաստանն այս ցուցանիշով աշխարհում 178-րդ տեղում է:



© NEWS.am Medicine