Նիկոտինը նպաստում է գլխուղեղում մետաստազների առաջացմանը․ հետազոտություն

22:21   10 հունիսի, 2020

Թոքերի քաղցկեղով պացիենտների մոտ 40%-ի գլխուղեղում մետաստազներ են զարգանում: Այսպիսի պացիենտների միջին գոյատեւումը 6 ամսից քիչ է: Թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոն համարվում է ծխելը, սակայն, ինչպես պարզվել է, այն կարող է նաեւ նպաստել ուղեղում մետաստազների առաջացմանը: Այս մասին ասված է Journal of Experimental Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, թոքերի քաղցկեղի դեպքում նիկոտինը շատ վտանգավոր է, քանի որ այն կարող է ներթափանցել ուղեղի մեջ եւ ազդել իմունային բջիջների հատկությունների վրա:

Ուեյք Ֆորեսթի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները նշել են, որ նիկոտինը ծխախոտային արտադրանքի քաղցկեղածին բաղադրիչը չէ: Սակայն նիկոտինը նպաստում է, որ թոքերի քաղցկեղի ոչ մանրբջջային մետաստազներն ընկնեն ուղեղի մեջ:

«Ելնելով մեր բացահայտումներից՝ մենք չենք կարող ասել, որ նիկոտինի հետ խառնվող արտադրանքի օգտագործումը ծխելը դադարեցնելու անվտանգ տարբերակ է թոքերի քաղցկեղ ունեցող մարդկանց համար»,- ասել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Կոունոսուկե Վատաբեն:

Գիտնականները հետազոտել են թոքերի քաղցկեղով 281 պացիենտի եւ հայտնաբերել են, որ ծխողների մոտ այս ուռուցքը ավելի հաճախ է մետաստազվում դեպի ուղեղը, քան չծխողների մոտ:

Այնուհետեւ մկների մոդելով գիտնականները կարողացել են հայտնաբերել նիկոտինի ազդեցության մեխանիզմը եւ ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մետաստազները ընկնում ուղեղ: Պարզվում է, որ նիկոտինը ներթափանցում է հեմատո-էնցեֆալիկ պատնեշի միջոցով եւ ազդում է միկրոգլիայի` ուղեղի իմունային բջիջների վրա: Արդյունքում, գլիան դադարում է պաշտպանական դեր կատարել եւ սկսում է նպաստել քաղցկեղի աճին:



© NEWS.am Medicine