Համադրված թերապիան կարող է արդյունավետ լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում․ հետազոտություն

10:48   11 հունիսի, 2020

ԱՄՆ-ում Ցինցինատիի համալսարանի գիտնականները քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ են առաջարկել։ Այն հիմնված է համադրված թերապիայի վրա, ինչպես հայտնում է lenta.ru-ն։

SapC-DOPS թերապեւտիկ միացության կիրառումը, ինչպես պարզել են գիտնականները, հատկապես օգտակար է եղել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջներին ուղղված քիմիական նյութերը տեղ հասցնելու գործում: SapC-DOPS-ն իրենից ներկայացնում է արհեստական վեզիկուլ (փուչիկ), որը պատրաստված է բջջի մանրադիտակային բաղադրիչներից։

Նախկինում մասնագետները հայտնաբերել էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար հատուկ բիոմարկեր (ֆոսֆատիդիլսերին), որն այժմ օգտագործվում է նպատակային քիմիաթերապիայի համար: Սակայն SapC-DOPS-ի առաքման համակարգը կարող է նկատելիորեն բարելավել դեղամիջոցների արդյունավետությունը, քանի որ վեզիկուլները կարող են ընտրովի կերպով ազդել ախտահարված հյուսվածքների վրա, որոնք ունեն բիոմարկեր:

Հիշեցնենք, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ուռուցքաբանության հետ կապված մահացությունների թվով չորրորդ տեղում է: Ընդ որում, հիվանդների վեց տոկոսից էլ քիչ մասն է ապրում ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում: Հիվանդությունը վաղ փուլերում ընթանում է անախտանիշ, հաճախ ախտահարելով ավշային հանգույցները եւ լյարդը, իսկ ավելի հազվադեպ՝ թոքերն ու որովայնի խոռոչի օրգանները: Միայն փոքր քանակի դեղամիջոցներ են ուղղված ենթաստամոքսային գեղձի ուռուցքների դեմ, իսկ վիրահատական միջամտությունը, քիմիաթերապիան եւ ճառագայթային թերապիան երկարատեւ գոյատեւում չեն ապահովում:

 



© NEWS.am Medicine