Գենդերային կարծրատիպերը կարող են տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից բարձր մահացության պատճառը լինել  

23:29   11 հունիսի, 2020

Տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից բարձր մահացության պատճառը կարող են գենդերային կարծրատիպերը լինել: Այսպիսի եզրակացության են եկել Ohio Department of Health-ի մասնագետները, հայտնում է MedicalXpress- ը:

Բանն այն է, որ տղամարդիկ ավելի քիչ են բժշկի դիմում, քան կանայք, եւ հենց դա կարող է լինել տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից բարձր մահացության հիմնական պատճառներից մեկը, կարծում են մասնագետները:

Օհայո նահանգի համար պաշտոնական տվյալների համաձայն, մինչեւ մայիսի 27-ը COVID-19 համավարակից մահացել է 2044 բնակիչ, որի 52%-ը տղամարդիկ են եղել: Անցած 3 ամիսների ընթացքում մահացության ցուցանիշները հաճախ փոխվել են, եւ երբեմն մահացածների մեջ տղամարդիկ 10%-ով ավելի շատ են եղել, քան կանայք:

Օհայոյի նահանգի համալսարանի բժշկական քոլեջի համաճարակաբանության պրոֆեսոր Բիլ Միլլերի կարծիքով՝ մահացության բարձր մակարդակը կարելի է բացատրել խնդրի հանդեպ տղամարդկանց եւ կանանց վերաբերմունքի տարբերությամբ:

«Տղամարդիկ, ցավոք, հայտնի են նրանով, որ հետաձգում են բժշկին այցը»,- ասել է Միլլերը:

COVID-19-ի առաջին ախտանիշների, ինչպես նաեւ այլ խնդիրների դեպքում շատ տղամարդիկ չեն դիմում բժշկի, ինչը կարող է բացասաբար ազդել բուժման արդյունքի վրա:

Գործընկերոջ տեսակետի հետ համաձայն է նաեւ OhioHealth ոչ առեւտրային հիվանդանոցի բժիշկ Ջոզեֆ Գաստալդոն։ Նա հավելել է, որ իր դերը կարող էր ունենալ նաեւ այն փաստը, որ շատ «տղամարդկային» մասնագիտություններ պահանջում են ուղղակիորեն ներկա լինել աշխատանքի վայրում, նույնիսկ կարանտինային միջոցառումների ժամանակ, օրինակ՝ արտակարգ իրավիճակների ծառայություններում կամ շինարարական տարածքում։

Միլլերն, իր հերթին, հավելել է, որ Օհայոյի տղամարդիկ ավելի հաճախ են տառապում թոքերի, սրտի եւ երիկամների հիվանդություններով՝ հենց այս օրգաններին է կորոնավիրուսը հարվածում առաջին հերթին: Kaiser Family Foundation-ի հետազոտության տվյալներով՝ տարածաշրջանում տղամարդկանց 22%-ը ծխում է: Համեմատության համար նշենք, որ այս նահանգում ծխող կանայք ավելի քիչ են՝ մոտ 19%:



© NEWS.am Medicine