Ո՞ր մթերքները կօգնեն թոքաբորբից հետո առողջության վերականգնմանը

17:27   17 հունիսի, 2020

Որոշ մթերքներ կարող են օրգանիզմին օգնել տարած թոքաբորբից հետո վերականգնվելուն, պնդում է սրտաբան եւ թերապեւտ Սվետլանա Զուբաիլովան:

Իմունիտետի ամրացման համար կարեւոր է ամեն օր սպիտակուցների, վիտամինների եւ հանքանյութերի գործածումը. այս բոլոր նյութերը կարեւոր դեր են խաղում բջջային փոխանակության մեջ, հայտնում է rsport.ria.ru-ն:

Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին սննդակարգի մեջ ներառել խոլեստերինի ցածր պարունակությամբ անյուղ միս՝ տավարի, ոչխարի անյուղ, ճագարի միսը եւ թռչնամիսը: Ընդ որում՝ խորհուրդ չի տրվում տապակել եւ օգտագործել սուր համեմունքներ. այդպիսի կերակուրը չափից ավելի «ծանր» է, իսկ հակաբիոտիկների ընդունումից հետո աղեստամոքսային տրակտին որոշ ժամանակ է անհրաժեշտ աշխատանքը կարգավորելու համար:

Ծովամթերքը եւ ծովի ձուկը նույնպես լավ մթերքներ են սննդակարգի մեջ ներառելու համար, քանի որ դրանք յոդի լավ աղբյուր են, որն անհրաժեշտ է էնդոկրինային համակարգի առողջության համար:

«Ծովային կենդանիների պրոտեինը հեշտ է յուրացվում եւ վտանգավոր ճարպեր չի պարունակում: Ծովի ձուկը A եւ E վիտամինների, ինչպես նաեւ Օմեգա-3 եւ Օմեգա-6 չհագեցած ճարպաթթուների ամենաարժեքավոր աղբյուրն է: Այս նյութերն անչափ կարեւոր են իմունիտետի ապահովման եւ վերականգնողական պրոցեսների համար»,- ասել է Սվետլանա Զուբաիլովան:

Ստամոքսի եւ աղիների համար անչափ օգտակար են ապուրները, հատկապես բանջարեղենային: Ձավարեղենը (հնդկաձավար, վարսակաձավար, չշոգեհարված բրինձ, ցորենի եւ գարեձավարի շիլաներ) պարունակում են կարեւոր միկրոտարրեր եւ նպաստում են աղիների գալարակծկանքի արագացմանը: Անհրաժեշտ է նաեւ ավելի շատ ուտել կանաչեղեն, որի մեջ մեծ քանակությամբ բջջանյութ եւ վիտամիններ կան, ինչպես նաեւ մրգեր ու հատապտուղներ:

«Ամեն օր անրաժեշտ է խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր: Սա կարեւոր է տոքսինները դուրս բերելու, խորխի ջրիկացման համար: Չափազանց կարեւոր են վիտամինացված հյութերը, կիսելները եւ կոմպոտները»,- հավելել է բժիշկը:



© NEWS.am Medicine