Ինչպիսի՞ դերակատարում ունեն զուգարանները կորոնավիրուսի տարածման գործում

12:29   18 հունիսի, 2020

Ինչպիսի՞ դերակատարում ունեն զուգարանները կորոնավիրուսի տարածման գործում: Չինացի գիտնականները որոշել են այս հարցը պարզել, իսկ նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են AIP Publishing պարբերականի կայքում:

Գիտնականների խումբը համակարգչային մոդելավորման միջոցով պարզել է՝ հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուս առաջացնող SARS-CoV-2-ի տարածումը զուգարանների միջոցով: Պարզվել է, որ ողողելիս ջուրը հարվածում է զուգարանակոնքի պատերին, ինչի հետեւանքով դրա վրա է բարձրանում եւ տարածվում աերոզոլային ամպ: Վիրուսի մասնիկները կարող են ակտիվ մնացած լինել մարդու կենսագործունեության արտաթորանքում, ուստի, ինչպես պնդում են գիտնականները, կա զուգարաններ հաճախելու միջոցով COVID-19-ով վարակվելու հավանականություն:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պոտենցիալ SARS-CoV-2-ի մասնիկներ պարունակող աերոզոլային ամպը ջուրն արձակելիս բարձրանում է մինչեւ մեկ մետր բարձրությամբ եւ օդի մեջ է մնում 1 րոպեից ավելի: Զուգարաններ հաճախակի այցելելու դեպում (եթե մտնեք վարակված մարդուց անմիջապես հետո) վարակվելու հավանականությունն իսկապես բավականին մեծ է: Ավելին՝ երկու եւ ավելի զուգարանակոնքերով զուգարաններում, որոնք միացված են ընդհանուր կոյուղուն, դիտվում է ինֆեկցիայի տարածման առավելագույն վտանգ, ինչը մատնանշում է հանրային զուգարանների վտանգավորությունը:

Մասնագետների խոսքով՝ ինֆեկցիայի դեմ պայքարի լավագույն մեթոդ կարող է լինել ողողելիս կափարիչը փակելու պրակտիկան: Սակայն գիտնականները նկատել են, որ շատ երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում հանրային զուգարաններում տեղադրված զուգարանակոնքերը կափարիչ չունեն:



© NEWS.am Medicine