Երկվորյակ եղբայրները ծնվել են 10 տարվա տարբերությամբ (ֆոտո)

18:14   19 հունիսի, 2020

Չինաստանի Հուբեյ նահանգից 41-ամյա կինը երկվորյակ եղբայրներին ծնել է 10 տարվա ընդմիջումով: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:

2009 թվականին Վանգ անունով պացիենտը դիմել էր մասնագետներին՝ արտամարմնային բեղմնավորմամբ հղիանալու համար: Մասնագետներին հաջողվել էր ստանալ մի քանի սաղմեր, սակայն պացիենտի արգանդ էր փոխադրվել միայն մեկը, իսկ մնացյալը սառեցվել էր: Վանգը հաջողությամբ հղիացել էր եւ երեխա ծնել, ում անվանել են Լու-Լու:

Վանգը 2019 թվականին տեղի է տվել որդու հորդորներին, որն արդեն վաղուց ցանկանում էր եղբայրիկ կամ քույրիկ ունենալ: Կրկնակի ԱՄԲ ժամանակ կնոջ արգանդ են փոխադրել 2009 թվականից պահպանվող սառեցված սաղմերից եւս մեկը: Երեքշաբթի՝ հունիսի 16-ին, լույս աշխարհ է եկել երկրորդ երեխան, ում անվանակոչել են Թուն-Թուն:

«Բժշկական տեսակետից Լու-Լուն եւ Թուն-Թունը երկվորյակ եղբայրներ են»,- ասել է կնոջն օգնած բժիշկներից մեկը: Հատկանշական է, որ Թուն-Թունը ծնվելիս կշռել է նույնքան, որքան Լու-Լուն 10 տարի առաջ՝ 3,48 կիլոգրամ:



© NEWS.am Medicine