Կորոնավիրուսով պացիենտների համար դեղային միացությունների աղբյուր կարող են դառնալ սնկերը

17:31   20 հունիսի, 2020

Aureobasidium Pullulans սեւ սնկերից արտադրվող բետա-1,3/1,6-գլյուկանների հիմքով ճապոնական կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ) կարող են կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժմանն օգնել այն պացիենտների շրջանում, որոնք ունեն ծանրացած դիաբետ, երիկամների եւ սրտի հիվանդություններ: Այս մասին նշված է Frontiers in Immunology Journal-ում հրապարակված հետազոտության մեջ:

Սնկերի շտամների արտադրած նյութերը, որ հայտնի են որպես AFO-202, իմունիտետն ուժեղացնում են իմունային T-սպանող բջիջների, իմունոգլոբուլինների եւ հակավիրուսային ցիտոկինների թվի մեծացման հաշվին, հայտնում է News-medical.net-ը: Ճապոնիայում անցկացված երեք տարբեր հետազոտությունների շրջանակում այս էֆեկտը դիտվել է առողջ մարդկանց, քաղցկեղով հիվանդների եւ տարեցների մոտ:

Ընդ որում՝ այս նյութը չի առաջացնում իմունային պատասխանի չափից ավելի ակտիվացում եւ անգամ գործում է ինչպես իմունամոդուլյատոր՝ իմունային պատասխանը հավասարակշռում է: Հետազոտողների կարծիքով՝ հավելումը կարող են ակտիվորեն օգտագործել կորոնավիրուսային ինֆեկցիայով եւ ուղեկցող հիվանդություններով անձինք:



© NEWS.am Medicine