Ամուսինները 16 տարվա տարբերությամբ իրենց երիկամները նվիրաբերել են նույն մարդուն

23:30   22 հունիսի, 2020

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Փենսակոլա քաղաքից Թերի Հերինգթոնը երիկամը նվիրաբերել է մի մարդու, ով 16 տարի առաջ ստացել էր նրա զոհված ամուսնու երիկամը։ Այս մասին պատմում է CNN-ը։

35-ամյա տանիքագործ Բրայան Հերինգթոնը 2004-ին աշխատելիս ընկել է տանիքից եւ մահացել: Նա ցանկացել էր մահանալուց հետո օրգանների դոնոր լինել, այդ պատճառով նրա սիրտը, թոքերը, լյարդը, երիկամը եւ ենթաստամոքսային գեղձը նվիրաբերվել է փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտներին: Տղամարդու երիկամը եւ ենթաստամոքսային գեղձը փոխպատվաստել են շաքարախտով տառապող Ջեֆրի Գրենջերին:

Ինչպես պատմում է Lenta-ն, փոխպատվաստումից հետո առաջին տարվա ընթացքում Գրենջերին չեն ասել, թե ով է նվիրաբերել օրգանները, իսկ Բրայանի այրին չի իմացել, թե ով է դրանք ստացել: Նա եւ Գրենջերը անանուն երկտողեր եւ բացիկներ են փոխանակել: Ավելի ուշ Թերին Գրենջերին ուղարկել է նամակ, որով տեղեկացրել է Բրայանի մահվան մասին: Առաջին հեռախոսազրույցից հետո Գրենջերն ասել է, թե այնպիսի զգացողություն ունի, որ ինքը ամբողջ կյանքում ճանաչում է Թերիին: Հաջորդ 15 տարիների ընթացքում նրանք շարունակել են շփվել:

2019 թվականին Գրենջերի մի երիկամը կրկին սկսել է չգործել: Այս մասին իմանալով՝ Թերին անմիջապես առաջարկել է իր երիկամը՝ փոխպատվաստման համար: Սկզբում Գրենջերը կարծել է, թե նա կատակում է, սակայն հետագայում ընդունել է նրա առաջարկը, թեեւ որպես դոնոր համապատասխանել է նաեւ իր կինը։ Նա որոշել է, որ այդպես վիրահատությունից հետո կինը կկարողանա հոգ տանել իր մասին:

Բժիշկ Մարկ Ջոնսոնը, ով երիկամի փոխպատվաստման վիրահատություն է կատարել, ասել է, որ Թերին ոչ միայն երկարացրել է Գրենջերի կյանքի տեւողությունը, այլեւ բարելավել է դրա որակը։ Բժիշկն ասել է, որ չգիտի նման մեկ ուրիշ դեպք,երբ ամուսինն ու կինը իրենց օրգանները մեկ մարդու են նվիրաբերել։ Այժմ Գրենջերը եւ Թերին շատ մտերիմ ընկերներ են:



© NEWS.am Medicine