Հազվագյուտ հիվանդությամբ տղամարդը չի կարողանում թվերը ճանաչել

09:43   25 հունիսի, 2020

Ջոն Հոփքինսի համալսարանի մասնագետները չափազանց արտասովոր ախտանիշ են նկարագրել մի պացիենտի մոտ. ուղեղի դեգեներատիվ հիվանդության պատճառով նա զրկվել է գրված թվերը տարբերակելու ունակությունից: Կլինիկական դեպքի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում:

Պացիենտը, ում գիտական աշխատանքի հեղինակներն անվանել են RFS, տառապում է գլխուղեղի դեգեներատիվ ախտահարումից. դա կեղեւում եւ բազալ նյարդահանգույցներում տարածված ատրոֆիա է, հայտնում է medportal.ru-ն: Համանման խանգարումները սովորաբար արտահայտվում են մկանային սպազմներով եւ հիշողության խանգարումներով: Սակայն այս պացիենտի մոտ հիվանդությունն ուներ արտասովոր դրսեւորում թվերի ընկալման խանգարման ձեւով:

Հատկանշական է, որ RFS-ն կարդալու եւ տառերը ճանաչելու բարդություն չի ունեցել: Նա նորմալ ճանաչում էր 1 եւ 0 թվերը, բայց 2-ից մինչեւ 9 թվերը, նրա խոսքով, «սպագետիի» էին վերածվում, երբ դրանց վրա էր նայում: Երբ գիտնականները խնդրել են նկարել տեսած թվերը, ստացվել է աբստրակտ գծերի, կետերի եւ գույնի բռնկումների հավաքածու: Հետաքրքիր փորձարկման շրջանակում գիտնականները կտրված թիվը դնում էին RFS-ին ծանոթ առարկաների վրա, եւ այդ ժամանակ նա դադարում էր տարբերակել անգամ առարկաները՝ այնքան ժամանակ, մինչեւ թիվը հեռացնում էին:

Երբ փորձերի ժամանակ RFS-ն փորձել է ճանաչել տարբեր առարկաները եւ թվերը, հետազոտության հեղինակները զուգահեռ անցկացրել են էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ): Հետազոտության այս լրացուցիչ մեթոդը հաստատել է, որ պացիենտը չի ձեւացնում եւ իսկապես թվերը չի տեսնում:

Նույն կերպ պացիենտը չէր հասկանում նաեւ բառերը, եթե դրանք ներգրված էին թվերին: ԷԷԳ-ն ցույց է տվել, որ գլխուղեղը տեսնում էր ընդհանուր պատկերը, բայց չէր կարողանում տեսածը տարբերակել ու հասկանալ:

Գիտնականների խոսքով՝ սա ընկալման եւ տարբերակման զատման չափազանց հետաքրքիր դեպք է: Գլխուղեղը տեսնում է դեմքերը, առարկաները, բառերը, նկարները: Բայց ճանաչելու համար անհրաժեշտ է, որ ուղեղը մշակի այս տեղեկությունները: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ RFS-ի խնդիրը ուղեղի գործառնության հենց այս մակարդակում է:



© NEWS.am Medicine