Սա վերջին կորոնավիրուսը չէ եւ վերջին պանդեմիան չէ, մենք պետք է պատրաստ լինենք. Արմեն Սարգսյան

16:35   24 հունիսի, 2020

Սա վերջին կորոնավիրուսը չէ եւ վերջին պանդեմիան չէ, մենք պետք է պատրաստ լինենք, աշխարհը պետք է սկսի ներդրումներ կատարել առողջապահության ոլորտում: Այս մասին «COVID-19. հաջողություն եւ գլոբալ համագործակցության ուղիներ» թեմայով վեբինարի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է գրեթե 400 մարդ, եւ թիվն աճում է օրական 10-20-ով, ինչը, նախագահի խոսքով, շատ ցավալի է: Ամեն օր երկրում կորոնավիրուսի 2000 թեստ է անցկացվում, եւ դրանց մոտ մեկ երրորդը դրական է լինում:

Այդպիսով, Հայաստանում հիվանդացության մակարդակը շարունակում է աճել, պլատոյի դեռ չենք հասել:

Նախագահի խոսքով՝ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով, բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ մթերային անվտանգության հետ կապված:  

«Նոր աշխարհում մարդկանց պահվածքը պետք է փոխվի: Ազգերը պետք է հասկանան, թե ինչ պետք է անեն կորոնավիրուսից հետո: Նոր աշխարհում շատ բան կվերաիմաստավորվի, մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է ապրենք նոր աշխարհում: Եթե մենք խելացի լինենք, մենք հաջողության կհասնենք, իսկ եթե ոչ՝ Աստված մեզ օգնական»,-ասել է ՀՀ նախագահը:

 



© NEWS.am Medicine