Տեսանելի ապագայում ստիպված ենք ապրել կորոնավիրուսի հետ. Լորդ Արա Դարզի

18:22   24 հունիսի, 2020

Տեսանելի ապագայում ստիպված ենք ապրել COVID-19 կորոնավիրուսի հետ՝ չնայած պատվաստանյութ ստեղծելի հեռանկարային ջանքերին: Նման կարծիք է հայտնել Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, FAST հիմնադրամի (Մեծ Բրիտանիա) խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին «COVID-19. հաջողություն եւ գլոբալ համագործակցության ուղիներ» թեմայով վեբինարի ընթացքում:

Նրա խոսքով՝ հիվանդացության մակարդակը նվազեցնելու համար մեծ դեր կարող է խաղալ հաջող թեստավորումն ու հետեւելիությունը: Մեծ Բրիտանիայում այժմ անցկացվում է 2 սքրինինգային ծրագիր, որոնք օգնում են հայտնաբերել վարակման նոր դեպքերը:

Ինչպես նաեւ կարեւոր դեր են խաղում ազգային մակարդակով ուսումնասիրությունները, որոնք օգնում են հաշվարկել վիրուսի վերարտադրման գործակիցը. այդ ցուցանիշը ցանկալի է պահել 1-ից ցածր: Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը հավասար է 0,7-0,9-ի:

Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում լոքդաունի մասին՝ Լոր Դարզին նշել է, որ նման եւս մեկ լոքդաուն Մեծ Բրիտանիան իրեն չի կարող թույլ տալ, հետեւաբար ազգային մակարդակից մեկուսացումը տեղափոխվել է տեղական մակարդակ, այսինքն՝ կան շրջաններ, որտեղ վիրուսի վերարտադրման գործակիցը 1-ից բարձր է, եւ այդ շրջանում պետք է աշխատել եւ անհրաժեշտության դեպքում փակել դպրոցներ, կարանտինային սահմանափակումներ մտցնել եւ այլն:

Մեծ Բրիտանիայում այժմ կարեւոր դեր են խաղում նաեւ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության համար բնակչության թեստավորումը: Լոնդոնում, ի զարմանս մասնագետների, սերոպոզիտիվ է եղել բնակչության 17 տոկոսը:

Արա Դարզին նաեւ նշել է, որ այսօր ամենաբարդ խնդիրը բնակչության հետ ճիշտ հաղորդակցությունն է, քանի որ մարդիկ դադարում են հավատալ առողջապահական համակարգին:  



© NEWS.am Medicine