Կորոնավիրուսը նման է «ռուսական ռուլետկային». չգիտես՝ պացիենտներից ով կտրուկ կվատանա. բժիշկ

20:10   26 հունիսի, 2020

Կորոնավիրուսի դեմ պայքարը ինչ-որ բանով նման է ռուսական ռուլետկային. Երբեք չգիտես՝ պացիենտներից ով կտրուկ կվատանա եւ հաջորդ հերթապահության ժամանակ գործընկերներից ում չես տեսնի աշխատավայրում: «COVID-19. Մարտահրավեր նետելով համընդահուր վախի զգացմանը: Կարմիր գոտի» առցանց քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է արտահայտել բժշկական գիտությունների թեկնածու, էնդովասկուլյար վիրաբույժ եւ սկսնակ գրող Նարեկ Կարապետյանը (Ռուսաստան), որը գրում է «Կարմիր գոտի» գիրքը:

Նրա խոսքով՝ ընդունված է համարել, որ COVID-19-ով ծանր հիվանդանում են եւ դրա հետեւանքով մահանում 80 տարեկանից բարձր մարդիկ, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Ռիսկի խմբում 55 տարեկանից բարձր մարդիկ են, ինչպես նաեւ ճարպակալում ունեցող պացիենտները, որոնք դեռեւս անհայտ պատճառով ավելի ծանր են տանում վարակը:

Սակայն վարակի գլխավոր բարդությունը կայանում է նրանում, որ երբեք չգիտես, թե ում մոտ կլինեն բարդություններ եւ խնդիրներ:

«Դա ամենասարսափելին է այս ամբողջ պատմության մեջ: Եթե փոքր-ինչ պարզեցնենք համաշխարհային վիճակագրությունը, ըստ էության՝ դա աշխատում է հետեւյալ կերպ. եթե կա COVID-ով վարակված 10 պացիենտ, նրանցից 7-ը կամ ընդհանրապես չի նկատի, որ վարակված է, կամ կունենա թեթեւ ախտանշաններ՝ հոտառության կորուստ 2-3 օր եւ վերջ: Մնացին 3 պացիենտներ: Նրանցից մեկի մոտ կլինի ծանր թոքաբորբ, նա կհոսպիտալացվի: Այդ 3-ից երկրորդը կհայտնվի վերակենդանացման բաժանմունքում, կսկսվի իրական պայքար նրա կյանքի համար, հնարավոր է, նաեւ ԹԱՕ սարքով, այնուհետեւ հետ կվերադառնա բաժանմունք, եթե ողջ մնա: Այսպիսով՝ երկու պացիենտ կգնա տուն, 10-ից մեկը կմահանա: Թվում է՝ ամեն ինչ պարզ է: Սակայն ամենասարսափելին է, երբ հայտնվում ես կարմիր գոտում, նայում ես հիվանդներին, բժիշկներին, այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես խաղում ես «ռուսական ռուլետկա»: Կա ընդհանուր առմամբ 10 տեղ փամփուշտների համար, սակայն դրանցից 7-ը դատարկ են: Երկու փամփուշտ վիրավորում է, մեկը՝ սպանում: Ամեն անգամ չգիտես՝ պացիենտի ինքնազգացողությունը կվատանա՞, թե՞ նա կմահանա: Պատահում է, որ մարդը տեղափոխվում է հիվանդանոց, թվում է, թե ամեն ինչ լավ է, սակայն հաջորդ օրը նա տեղափոխվում է վերակենդանացման բաժանմունք»,-ասել է բժիշկը:

Նրա խոսքով՝ գրեթե նույն իրավիճակն է իր գործընկերների դեպքում. հերթապահում ես նրանց հետ, աշխատում, եւ մի օր գալիս աշխատանքի եւ տեղեկանում, որ ինչ-որ մեկը հիվանդացել է, մեկ ուրիշը՝ մեկուսացվել:

«Եւ այդպես ամեն անգամ գնում ես աշխատանքի, ինչ-որ մեկը վատառողջ է, մյուսը՝ հիվանդացել է: Նույնը տեղի է ունենում հիվանդների հետ. աշխատում ես նրանց հետ, շփվում, իսկ հաջորդ անգամ տեղեկանում, որ նա այլեւս չկա»,-պատմել է Կարապետյանը:

Կորոնավիրուսը, նրա խոսքով, նրան է ձգողականության ուժին:

«Բոլորս դրա մասին լսել ենք, ինչ-որ բանաձեւեր նույնպես կան, ինչ-որ մեկը հավատում է դրան, որոշ մարդիկ՝ ոչ: Սակայն եթե 9-րդ հարկից քայլ արվի, ձգողականության ուժին ե՛ւ հավատացողը, ե՛ւ չհավատացողը միեւնույն է կհայտնվի գետնին»,-ասել է բժիշկը:



© NEWS.am Medicine