Ցածր կալորիականությամբ դիետան կարող է փոխել քաղցկեղի բուժման ընթացքը․ հետազոտություն

19:14   27 հունիսի, 2020

Սովը կարող է օգտակար լինել քաղցկեղի բուժման դեպքում եւ դրականորեն ազդել պացիենտների վիճակի վրա։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, հոլանդացի հետազոտողները ուսումնասիրել են սովի իմիտացիա ստեղծող, ցածր կալորիականությամբ դիետայի արդյունավետությունը քաղցկեղի դեմ պայքարում։ Ավելի քան 10 տարի անցկացվող մինչկլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ սովը կարող է պաշտպանել քաղցկեղով հիվանդ մկներին քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություններից, միաժամանակ բարձրացնելով դրա հանդեպ ուռուցքի զգայունությունը։

Այժմ գիտնականները անցկացրել են առաջին պատահական վերահսկվող հետազոտությունը, որը գնահատում է սովի իմիտացիա ստեղծող դիետայի ազդեցությունը քաղցկեղով պացիենտների մոտ քիմիաթերապիայի տոքսիկության եւ արդյունավետության վրա։

Նրանք հետեւել են կրծքի քաղցկեղով 131 կանանց վիճակին, որոնց խմբերի են բաժանել։ Առաջին խումբը սոված է մնացել երեք օր՝ մինչեւ քիմիաթերապիան եւ դրա ժամանակ, երկրորդ խումբը պահպանել է սովի իմիտացիա ստեղծող դիետա, իսկ երրորդ խումբը (վերահսկվողը) չի փոխել սննդակարգը։

Պարզվել է, որ առաջին երկու խմբի կանանց մոտ նկատվել է քիմիաթերապիայի բարձր արդյունավետություն եւ վնասված ԴՆԹ-ների ցածր ծավալ՝ Т-լիմֆոցիտներում։ Դիետան ինքը խնդիրներ չի ստեղծել։

Գիտնականների խոսքերով՝ կարճաժամկետ սովը եւ սովի իմիտացիան կարող են պաշտպանել բջջի առողջությունը սթրեսների լայն միջակայքից, որոնց թվում է քիմիաթերապիան՝ միաժամանակ քաղցկեղային բջիջները ավելի խոցելի դարձնելով քիմիաթերապիայի եւ բուժման այլ մեթոդների հանդեպ։ Սովը օգնում է առողջ բջիջներին անցնել ապաքինման վիճակի։ Չարորակ բջիջները, հակառակը, կարծես թե, չեն կարողանում անցում կատարել այդ վիճակին եւ հարմարվել սննդարար նյութերի դեֆիցիտի պայմաններին։



© NEWS.am Medicine