Մեզի անալիզը կարող է օգնել մարդու համար անհատական առողջ սննդակարգ ընտրել

22:06   27 հունիսի, 2020

Տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ արձագանքել նույն սննդամթերքներին, այդ պատճառով բոլորի համար հարմար համընդհանուր դիետա պարզապես գոյություն չունի:

Ինչպես տեղեկացնում է Medportal-ը, մասնագետները մշակել են մեզի 5 րոպեանոց թեսթ, որը կարող է որոշել, թե արդյոք մարդուն համապատասխանում է այն դիետան, որին նա հետեւում է: Ապագայում դա կարող է օգնել ընտրել անհատական դիետաներ, որոնք շատ են համապատասխանում նյութափոխանակության տարբեր առանձնահատկություններով մարդկանց:

Նոր թեսթի մշակումը նկարագրվում է 2 հետազոտություններում, որոնք անցկացրել է Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների խումբը, եւ որոնք հրապարակվել են Nature Food-ում:

Սկզբում գիտնականները հավաքել են մոտ 2000 մարդկանց մեզի նմուշները: Դրանցում նրանք փնտրել են նյութափոխանակության 46 տարբեր արտադրանք, որոնք կապված են ոչ ճիշտ սննդի հետեւանքով առաջացած տարբեր խնդիրների հետ:

Հեղինակները նաեւ գնահատել են ուսումնասիրության մասնակիցների սննդակարգը: Ուսումնասիրելով մեկ օրվա մեզի անալիզը՝ նրանք կարողացել են մարդկանց սննդակարգը համադրել այն բանի հետ, թե ինչ մետաբոլիտներ են դրանք արտադրում:

«Առողջ սննդակարգ ունեցող մարդկանց մեզի մեջ մետաբոլիտները տարբերվում են նրանցից, որոնք կարելի է հայտնաբերել ամենավատ սննդակարգ ունեցող մարդկանց մեզի մեջ»,- New Atlas-ին ասել է հետազոտության համահեղինակ Պոլ Էլիոտը:

Գիտնականները ստացած տվյալներն օգտագործել են թեսթ-համակարգ ստեղծելու համար, որը կարելի է օգտագործել կլինիկական պրակտիկայում: Նրանք այն անվանել են «Դիետիկ մետաբոտիպի սանդղակ» (Dietic Metabotype Score (DMS)): Հետազոտությանը մասնակցել են 19 կամավորներ:

ԱՀԿ-ն առանձնացնում է սննդի 4 տեսակ՝ շատ առողջ սննդակարգից մինչեւ շատ անառողջը: Կամավորները դրանցից յուրաքանչյուրի վրա ծախսել են առնվազն 3 օր: Միաժամանակ, գիտնականները պարբերաբար DMS թեսթի միջոցով ուսունասիրել են նրանց մեզը:

Նոր սանդղակով բարձր ցուցանիշները վկայել են այն մասին, որ մասնակիցները ներկայում հետեւում են առողջ սննդակարգին: Սակայն որոշ դեպքերում թեսթ-համակարգը տարբեր արդյունքներ է տվել այն մարդկանց համար, ովքեր ստացել են միեւնույն սնունդը: Գիտնականները կարծում են, որ նման դեպքերում անհրաժեշտ են ավելի հատուկ սննդային միջամտություններ, որպեսզի գտնվի մարդու համար համապատասխան դիետան։



© NEWS.am Medicine