Մարիխուանայի ծխի մեջ ավելի քան 110 թունավոր նյութեր են գտել

09:41   30 հունիսի, 2020

Ալբերտայի համալսարանի գիտնականները մարիխուանայի ծխի մեջ հայտնաբերել են պոտենցիալ վտանգավոր թունավոր նյութեր, պատմում է Medical Express-ը:

Ընդհանուր առմամբ, գիտնականներին հաջողվել է նկարագրել 536 միացություն, եւ դրանցից 110-ը միանշանակ ունեցել են թունավոր հատկություններ՝ դրանք առաջացրել են քաղցկեղածին, մուտագեն կամ տերատոգեն ազդեցություն: Դրանք բոլորը հղիության ընթացքում կարող են խոչընդոտել պտղի բնականոն ներարգանդային զարգացմանը:

Իրենց աշխատանքում գիտնականները մարիխուանայի մասնիկները համեմատել են ծխախոտի ծխի մասնիկների հետ, որոնք արդեն լավ ուսումնասիրված են: Պարզվել է, որ ծխախոտի ծխում ավելի շատ թունավոր մասնիկներ կան (173), քան մարիխուանայի ծխում: Սակայն մարիխուանայի ծխի մասնիկները մոտ 29%-ով ավելի մեծ են: Ընդհանուր առմամբ, հետազոտողները մարիխուանայի մեկ փաթաթանի մեջ հայտնաբերել են 3,4 անգամ ավելի մեծ զանգվածով պինդ մասնիկներ, քան մեկ ծխախոտի մեջ է: Մասնիկների չափը որոշում է, թե ուր են նրանք ընկնում եւ որտեղ են նստվածք տալիս շնչառական համակարգում:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:



© NEWS.am Medicine