Տղամարդը եւ նրա ընտանիքի 27 անդամները կորոնավիրուսով են վարակվել

11:09   30 հունիսի, 2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից Ռիչարդ Գարայը եւ նրա ընտանիքի 27 անդամները վարակվել են կորոնավիրուսային ինֆեկցիայով: Ռիչարդի 60-ամյա հայրը եւս վարակվել է եւ մահացել:

New York Post-ը հայտնում է, որ առաջինը վարակվել է Ռիչարդը:

«Ամեն ինչ սկսվեց հարբուխից եւ գլխացավից, իսկ ավարտվեց բարձր ջերմությամբ եւ տենդով»,- պատմել է նա:

Շուտով Ռիչարդից վարակվել է նաեւ նրա 60-ամյա հայրը: Կորոնավիրուսով են վարակվել նաեւ Ռիչարդի երեխաները, նրա եղբոր հղի կինը եւ մնացյալ ազգականները: Նրանց մեծ մասն արդեն ապաքինվել է, ինչպես եւ ինքը՝ Ռիչարդը: Նրա հայրը, սակայն, մահացել է:

Ռիչարդը ստույգ չգիտի, թե ինքն ու իր ընտանիքի մնացած բոլոր անդամները ինչպես են վարակվել: Նա ենթադրում է, որը պատճառը կարող էր լինել մայիսի կեսին ազգականի այցելությունը: Բացառված չէ նաեւ, որ կորոնավիրուսն իրենց ընտանիք կարող էր բերել իր մորը խնամողը:

Ռիչարդն իր պատմության մասին հայտնել է լրագրողներին, որ մյուսներին նախազգուշացնի վիրուսի վտանգավորության մասին:

«Չեմ ուզում, որ հորս մահը զուր լինի: Ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան՝ կորոնավիրուսն իրական սպառնալիք է», - ասել է նա:



© NEWS.am Medicine