Պարզվել է, որ կորոնավիրուսի դեմ անօգուտ է եւս մեկ հակավիրուսային դեղամիջոց

13:35   30 հունիսի, 2020

Ռիտոնավիրի հավելմամբ լոպինավիր հակառետրովիրուսային դեղամիջոցը, պարզվել է, անօգուտ է կորոնավիրուսի բուժման համար: Այս մասին հայտնում են RECOVERY բրիտանական կլինիկական հետազոտության ղեկավարները, փոխանցում է Lenta-ն:

Ինչպես պարզվել է, COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով հոսպիտալացված պացիենտների վրա դեղամիջոցը դրական ազդեցություն չի ունենում: Գիտնականները տվյալներ չունեն ծանր վիճակով պացիենտների վրա դեղամիջոցի ազդեցության մասին, քանի որ ռիտոնավիրի հավելմամբ լոպինավիրը դժվար է տալ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված մարդկանց:

Բրիտանական հիվանդանոցներում RECOVERY հետազոտությունն անցկացնում են ընթացիկ տարվա մարտից: Դրան մասնակցում են 11 500 պացիենտներ: Գիտնականներն այս հետազոտության շրջանակում փորձում են պարզել, թե որքանով են արդյունավետ նոր կորոնավիրուսի բուժման տարբեր մեթոդները: Ռիտոնավիրի հավելմամբ լոպինավիրից բացի, հիվանդներին նաեւ տալիս են կորտիկոստերոիդ դեքսամետազոն, ազիտրոմիցին հակաբիոտիկ, տոցիլիզումաբ իմունադեպրեսանտ եւ հիդրոքսիքլորոքին հակամալարիային դեղամիջոց:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջինի փորձարկումները դադարեցվել են հունիսի կեսին:



© NEWS.am Medicine