Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ կերած ավելորդ շաքարը

16:41   30 հունիսի, 2020

Պարզվում է՝ օրգանիզմում ճարպի քանակությունը ուղղակիորեն կապված է կերած հավելված շաքարի քանակության հետ. մեծ քանակությամբ հավելված շաքար պարունակող մթերքների գործածումն առաջացնում է «վտանգավոր» տեղայնացմամբ ճարպաշերտեր, առաջին հերթին՝ սրտի հատվածում եւ որովայնային խոռոչում: Այս մասին նշված է Մինեսոտայի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի (Minnesota School of Public Health) գիտնականների հետազոտության մեջ, որը հրւապարակվել է European Journal of Preventive Cardiology-ում:

Հավելված շաքար են անվանում այն շաքարը, որը մթերքների մեջ բնությունից չի պարունակվում, այլ հավելվում է պատրաստման գործընթացում՝ որպես շաքարավազ կամ օշարակ: Սննդակարգում այսպիսի շաքարի ամենատարածված աղբյուրներն են քաղցր ըմպելիքները, հրուշակեղենը, թխվածքները, որոշ կաթնամթերքներ, տարբեր վերամշակված մթերքներ:

Գիտնականները պարզել են, որ երբ չափից շատ ենք շաքար ուտում, օրգանիզմում դրա ավելցուկը վերածվում է ճարպի, իսկ ճարպային հյուսվածքը կարող է արտադրել առողջության համար վտանգավոր նյութեր:

Գիտնականները վերլուծել են տվյալներն այն մասին, թե 18-ից մինչեւ 30 տարեկան ավելի քան 3 հազար կամավորները որքան շաքար են կերել: Հետազոտությունը տեւել է 20 տարուց ոչ պակաս, որից հետո հետազոտության 25-րդ տարում մասնակիցների օրգանիզմում ճարպի քանակությունը որոշվել է համակարգչային տոմոգրաֆիայով:

Գիտնականները ուղիղ կապ են գտել 20 տարվա ընթացքում շաքարի գործածման եւ օրգանիզմում, առաջին հերթին ներքին օրգանների շուրջը ճարպի քանակության միջեւ:

«Ինչպես հայտնի է, օրգանիզմում ճարպի նստվածքները կապված են սրտի հիվանդությունների եւ շաքարային դիաբետի զարգացման հավանականության մեծացման հետ»,- ասել է հետազոտության համահեղինակ, բժիշկ Լին Սթեֆենը:

Գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում կրճատել հավելված շաքարի քանակությունը. քաղցր ըմպելիքների փոխարեն ջուր խմել, քաղցրեղենի փոխարեն ընտրել առողջ ուտեստներ: Նրանք հիշեցնում են, որ շաքարի եւ հեշտ յուրացվող ածխաջրերի քանակությունը կարելի է պարզել ապրանքի փաթեթի վրայի գրառումը կարդալով:



© NEWS.am Medicine