Ինչո՞ւ են ֆիզիկապես ակտիվ մայրերն ավելի առողջ երեխաներ ունենում

17:18   1 հուլիսի, 2020

Թե՛ հղիության ժամանակ, թե՛ ծննդաբերությունից հետո կանանց խորհուրդ է տրվում կատարել ֆիզիկական վարժություններ, քանի որ դա կարող է օգտակար լինել երեխաների համար: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Metabolism ամսագրում:

Հետազոտության հեղինակները նյութ են հայտնաբերել, որի մակարդակը մեծանում է ֆիզիկապես ակտիվ կանանց կաթի մեջ: Նրանց կարծիքով՝ այս նյութի շնորհիվ կանանց կատարած մարզումների օգուտը փոխանցվում է նրանց երեխաներին:

Պարզվել է, որ հղիության շրջանում եւ ծննդաբերությունից հետո կանանց ֆիզիկական ակտիվության չափավոր մակարդակը կապված է նրանց կաթի մեջ օլիգոսախարիդ 3-սիալիլակտոզաների (3ՍԼ) պարունակության մեծացման հետ, հայտնում է Medportal-ը: Այս նյութը կարող է նպաստել երեխաների շրջանում ճարպակալման, դիաբետի եւ սրտի հիվանդությունների զարգացման հավանականության նվազմանը ոչ միայն մանկության տարիներին, այլեւ ամբողջ կյանքի ընթացքում:

Այս նյութը նաեւ օգնում է նորածինների իմունային համակարգի զարգացմանը, ազդում աղիների միկրոբիոտայի ձեւավորման վրա, ճնշում որոշ վիրուսներ եւ բակտերիաներ:

«Մեր նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ այն երեխաների առողջությունն է ավելի լավ, որոնց մայրերը մարզվում են: Մենք ցանկանում էինք պարզել, թե սա ինչի հետ է կապված: Մենք պատճառներ ունեինք կարծելու, որ առաջատար դեր է խաղում մայրական կաթը, ուստի որոշեցինք կենտրոնանալ դրա ֆունկցիայի վրա»,- ասել է  հետազոտության առաջատար հեղինակ, ԱՄՆ Օհայո նահանգի Ուեքսների անվան Բժշկական կենտրոնի Դիաբետի եւ մետաբոլիզմի հետազոտման կենտրոնից (The Ohio State Wexner Medical Center's Diabetes and Metabolism Research Center) Քրիսթին Սթենդֆորդը:

Գիտնականների խոսքով՝ սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մայրերի ֆիզիկական ակտիվությունը փոխանցվել երեխաներին:

Հետազոտության առաջին փուլն անցկացվել է լաբորատոր մկների վրա: Քիչ շարժունակ մայրերից ծնված մկնիկներին կերակրել են ֆիզիկապես ակտիվ մկների կաթով: Այս մկները նույնքան առողջ են եղել, ինչպես եւ վարժություններ կատարած մկների ձագերը:

Հետազոտության երկրորդ փուլին մասնակցել են 150 հղի եւ վերջերս ծննդաբերած կանայք: Նրանց ֆիզիկական ակտիվությունը գնահատվել է հատուկ հետեւող սարքով: Գիտնականներն անցկացրել են բոլոր մասնակիցների կաթի քիմիական անալիզ, եւ պարզվել է, որ շարժունակության մեծացմանը զուգահեռ՝ կանանց մոտ մեծանում է կաթի մեջ 3ՍԼ-ի պարունակությունը:

Գիտնականները նշում են, որ կաթի մեջ 3ՍԼ-ն ոչ միշտ է կապված ծանրաբեռնվածության ինտեսիվության հետ: Սա նշանակում է, որ նունիսկ թեթեւ եւ չափավոր մարզումները կարող են բավարար օգուտ ունենալ:



© NEWS.am Medicine