Գիտնականները ռոբոտ են ստեղծել, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

12:20   2 հուլիսի, 2020

Բահրեյնից գիտնականները ռոբոտ են մշակել, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը եւ այլ միկրոօրգանիզմներ: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:

Այս ռոբոտը վիրուսի վրա ազդում է կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, որը 30 րոպեում սպանում է բոլոր միկրոօրգանիզմների մինչեւ 90 տոկոսը՝ քայքայելով դրանց թաղանթը, ինչի հետեւանքով օրգանիզմների ԴՆԹ-ն ոչնչանում է: Սակայն մշակման պահին մարդիկ չպետք է սենյակում լինեն, քանի որ սարքի լույսը կարող է վնասել մարդկային բջիջները:

Ավելին՝ ռոբոտը կարող է խոսել 12 լեզվով, չափել մարմնի ջերմությունը, արձագանքել ձայնային հրամաններին եւ օգտագործել պացիենտների դեմքի ճանաչման տեխնոլոգիան:

Արեւելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Հանթերը նշել է, որ ուլտրամանուշակագույնն արդյունավետորեն է պայքարում վիրուսների մեծամասնության դեմ, ուստի «զարմանալի չէ, որ ուլտրամանուշակագույն լույսը SARS-CoV-2-ն ապաակտիվացնում է»:

Ռոբոտը հիմա փորձարկում են արդյունաբերական պայմաններում: Արդեն 2 ռոբոտ է թողարկվել Բահրեյնի բուժհաստատություններում օգտագործելու համար:

Բահրեյնի առողջապահության նախարարությունից բժիշկ Վալիդ Ալ Մանեան այս մեքենաներն անվանել է «բժշկական հեղափոխություն», քանի որ կարող են օգնություն ցուցաբերել բժիշկներին եւ բուժքույրերին:



© NEWS.am Medicine