Ո՞ր նախաճաշը կօգնի նիհարել

11:32   5 հուլիսի, 2020

Նախաճաշը պետք է պարունակի երեք «կառուցվածքային բլոկ»՝ սննդային մանրաթելեր, սպիտակուց, առողջ ճարպեր, ինչպես պնդում է գերմանացի դիետոլոգ Թոմաս Մայքլ Պլաթցերը։

Նրա խոսքով՝ նախաճաշի այդպիսի տարբերակն օպտիմալ է անգամ նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։

Բջջանյութ

Բջջանյութով հարուստ մթերքն ապահովում է հագեցվածության երկարատեւ զգացում, ինչը թույլ է տալիս կրկին չմտածել ուտելիքի մասին նախաճաշից երկար ժամանակ անց, չօգտագործել լրացուցիչ սնունդ ընդհուպ մինչեւ ճաշը: Բջջանյութը նաեւ խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, բարելավում աղիքային տրակտի վիճակը, ինչը չափազանց կարեւոր է, եթե նիհարելու կամ քաշը պահելու ցանկություն կա։

Բջջանյութով հարուստ են այնպիսի մթերքները, ինչպես վարսակն ու այլ ամբողջական հացահատիկային մթերքները, հատապտուղները, լոբազգիները, հում գազարը եւ այլն։

Սպիտակուցներ

Սպիտակուցի լավ աղբյուրներ են ձվերը, ընդեղենը, կաթնաշոռը, բնական յոգուրտը։ Դրանք չեն նպաստում մկանային զանգվածի աճին, սակայն արագացնում են ճարպերի փոխանակությունը։

«Հագեցած նախաճաշի սիրահարները կարող են պատրաստել սնկով կամ պասային խոզապուխտով ձվածեղ»,-ասել է մասնագետը։

Առողջ ճարպեր

Հագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ մթերքների թվին են պատկանում ընդեղենը, սերմերը, ավոկադոն։ Պլաթցերի խոսքով՝ օգտակար ճարպերը, որոնք դուք օգտագործում եք առավոտյան, թույլ են տալիս օգտագործել ավելի քիչ կալորիաներ օրվա ընթացքում։ Բացի այդ, դրանք օգնում են յուրացնել ճարպալուծող A, E, K, D վիտամինները, որոնք ապահովում են իմունային համակարգի լավ աշխատանքը, ինչը կարեւոր է, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական վիճակին։

Ի՞նչ անել, եթե առավոտյան ախորժակ չունեք

Դիետոլոգի կարծիքով՝ բաց թողնել նախաճաշը, երբ ախորժակ եւ ուտելու ցանկություն չկա, սարսափելի չէ։ Գլխավորը՝ չփոխարինել այդ բացթողումը բարձր կալորիականությամբ սննդով, որն օգտագործվում է օրվա ընթացքում առանց վերահսկողության։ Հաճախ մարդիկ, որոնք չեն նախաճաշում, ունեն մեծ ախորժակ ուշ երեկոյան։

 



© NEWS.am Medicine