Նեանդերթալցիներից ժառանգած գեները որոշ մարդկանց կորոնավիրուսի նկատմամբ խոցելի են դարձնում

20:21   7 հուլիսի, 2020

Նեանդերթալցիներից ժառանգած գեները որոշ մարդկանց կորոնավիրուսի նկատմամբ խոցելի են դարձնում, գրում է The Daily Mail-ը: Նման եզրակացության են եկել գերմանացի եւ շվեդացի գիտնականները:

Երրորդ քրոմոսոմի շրջանում գիտնականները գեների հատուկ կլաստերներ են հայտնաբերել՝ վերլուծելով Իտալիայից եւ Իսպանիայից 3199 պացիենտի անալիզի տվյալներ: Այդ կլաստերները կարող են կապված լինել վարակի ծանր ընթացքի հետ:

Գիտնականների խոսքով՝ այդ գեները ժամանակակից մարդկանց փոխանցվել են նախնիներից, որոնք ապրել են 60 000 տարի առաջ:

Հնում տվյալ մուտացիան օգնում էր պայքարել վիրուսների դեմ իմունային համակարգի կարգավորման հաշվին: Սակայն այժմ այն առաջացնում է ուժեղ իմունային արձագանք, որը վնասում է օրգանիզմի հյուսվածքները եւ մահվան հանգեցնում:

Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված գենետիկ առանձնահատկությունները բնորոշ են հատկապես Հարավային Ասիայի բնակիչների համար եւ հազվադեպ են հանդիպում եվրոպական երկրների բնակիչների մոտ: Հյուսիսային եւ Հարավյաին Ամերիկաներում տարածվածությունը կազմում է 4 տոկոս, իսկ Հեռավոր Արեւելքի բնակիչների մոտ ցուցանիշը դրանից ցածր է: 

 



© NEWS.am Medicine