Ինչպե՞ս է քնի պակասն ազդում արտաքինի վրա

19:49   8 հուլիսի, 2020

Քնի պակասը կարող է ազդել ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ նրա արտաքին տեսքի վրա։ Ինչպես պնդում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից քնաբան Օլիվիա Արեցոլոն, քնի պակասը հանգեցնում է աչքերի տակ պարկերի ձեւավորման, մաշկի հետ կապված խնդիրների առաջացման եւ անգամ ծերացման գործընթացի արագացման, հաղորդում է The Daily Mail պարբերականը։

Արեցոլոյի խոսքով՝ քնի պակասի առաջին նախանշանները կապտուկներն ու աչքերի տակ պարկերն են, որոնք առաջանում են, երբ քնի պակասի հետեւանքով չորացած մաշկը պահում է ջուրը խոնավեցում ապահովելու համար։

«Չնայած որոշ չափով այդ ախտանշանները կարող են փոխանցվել ժառանգաբար՝ ութ ժամից պակաս տեւողությամբ քունն ունակ է խորացնել խնդիրը», - ասել է փորձագետը։ Քնի պակասի հետեւանքով նաեւ մաշկը չի արտադրում բավարար քանակությամբ կոլագեն, որն անհրաժեշտ է կնճիռների կանխարգելման համար։ Հենց այդ պատճառով ոչ լիարժեք քունը հանգեցնում է վաղաժամ ծերացման եւ մաշկի վիճակի վատթարացման։

Ըստ հետազոտությունների՝ գիշերը 5 ժամից պակաս քնող մարդկանց մոտ մաշկի ռեգեներացիան կրճատվում է 30 տոկոսով։ «Արդյունքում մաշկը ստանում է անկենդան տեսք»,-ասել է Արեցոլոն։ Գիտնականները նաեւ պարզել են, որ պարբերաբար քնի պակասով տառապող մարդիկ հաճախ դժգոհ են իրենց տեսքից։

«Հենց կոլագենն է ազդում ձեր մաշկի առաձգականության կամ թուլացման վրա, - պնդում է քնաբանը։ - Հետազոտություններն ապացուցում են, որ 70 տոկոս կոլագենը սինթեզվում է խորը քնի ժամանակ»։

Բացի այդ, ոչ որակյալ քնի պատճառով օրգանիզմն արտադրում է սթրեսի հորմոն՝ կորտիզոլ, որը հանգեցնում է ջրազրկման, ինչի հետեւանքով մաշկը առնում է չոր։ Դեռ ավելին, այդպիսի քնից հետո թուլանում է մարդու իմունային համակարգն ու առաջանում է ակնե։ Քնաբանը խորհուրդ է տալիս օրական քնել 7-9 ժամ եւ խմել շատ ջուր, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի։



© NEWS.am Medicine