Իմունաթերապիան անվտանգ է քաղցկեղով եւ COVID-19-ով պացիենտների համար. հետազոտություն

15:14   21 հուլիսի, 2020

Պարտադիր չէ, որ իմունաթերապիան COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով եւ քաղցկեղով պացիենտների մոտ բարդությունները խորացնի: Այս մասին են վկայում Ցինցինատիի համալսարանի Ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողների նախնական տվյալները:

«COVID-19 կորոնավիրուսի մեծ թվով բարդություններ չափազանց մեծ իմունային պատասխանի հետեւանք են, ինչը մեծացնում է ցիտոկիններ կոչվող սպիտակուցների արտադրումը: Այս սպիտակուցների չափից ավելի արտադրումը կարող է առաջացնել խնդիրներ եւ շնչառական անբավարարություն: Քաղցկեղով պացիենտները COVID-19 ինֆեկցիայի եւ դրա հետեւանքով ծանր բարդությունների հանդեպ ավելի ընկալունակ են: Քաղցկեղով հիվանդներից շատերին բուժում են իմունաթերապիայով, որը իմունային համակարգն ակտիվացնում է քաղցկեղի դեմ՝ այն ոչնչացնելու համար: Մեր խումբը կարծում էր, որ COVID-19-ով եւ քաղցկեղով պացիենտների մոտ իմունաթերապիան կարող է մեծացնել իմունային համակարգի ռեակցիան, որն արդեն կարող է չափից ավելի լինել COVID-19-ի պատճառով»,- ասել է Կալիֆոռնիական համալսարանի գիտաշխատակից Լեյն Ուեթերֆորդը Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի վիրտուալ ժողովում:

Մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես են իմունային վերահսկիչ կետի ինհիբիդորները բուժման այլ տեսակների համակցությամբ (քիմիաթերապիա կամ ճառագայթում) ազդում COVID-19-ով պացիենտների իմունային բջիջների վրա, ինչպես նաեւ COVID-19-ով եւ քաղցկեղով պացիենտների:

Նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ մետֆորմին հակաշաքարախտային դեղամիջոցը կարող է նվազեցնել COVID-19-ով պացիենտների իմունային բջիջների կողմից սպիտակուցների արտադրումը:

Ուեթերֆորդի խոսքով՝ նախնական եզրահանգումները կարելի է խոստումնալից համարել, սակայն դրանք հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում:



© NEWS.am Medicine