Մարդու բիբերով կարելի է նրա մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում կասկածել  

21:17   21 հուլիսի, 2020

Պացիենտի բիբերից կարելի է հասկանալ, թե արդյոք նա անցյալում տրավմատիկ փորձ է ունեցել: Այս մասին ասված է Biological Psychology ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) սովորաբար զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են տրավմատիկ իրադարձություն, ինչպիսին է ավտովթարը, դաժան վերաբերմունքը կամ մարտական գործողությունները, նշում է Sambad English-ը:

Cardiff University-ից (Մեծ Բրիտանիա) Էմի Մակքինոնը եւ նրա գործընկերները պարզել են, որ մարդու բիբերի ռեակցիան հստակ ցույց է տալիս, թե արդյոք նա ՀՏՍԽ ունի: Նրանք կատարել են փորձ, որի շրջանակներում կամավորներին ցուցադրվել են վախեցնող պատկերներ (գազազած կենդանիներ կամ զենքեր), ինչպես նաեւ այլ պատկերներ, որոնցում եղել են չեզոք կամ հաճելի իրադարձություններ: Պարզվել է, որ ՀՏՍԽ-ով մարդկանց արձագանքը տարբերվել է հոգեկան խնդիրներ չունեցող մարդկանց արձագանքից:

Սկզբում ՀՏՍԽ-ով մարդկանց մոտ բիբը չի կարողացել նորմալ ձեւով կտրուկ նեղանալ՝ ի պատասխան լույսի մակարդակի փոփոխության: Սակայն այնուհետեւ բիբերն ավելի շատ են լայնացել` զգայական խթանների պատճառով՝ համեմատած ՀՏՍԽ չունեցող մարդկանց հետ։ Բացի այդ, ՀՏՍԽ ունեցող մարդկանց մոտ գրանցվել է ավելի արտահայտված ռեակցիա ոչ միայն սպառնալից պատկերների (բացասական խթան), այլեւ դրական պատկերներ հանդեպ, ինչպիսիք են սպորտային իրադարձությունների լուսանկարները:

Մասնագետների կարծիքով, նման պացիենտների մոտ բիբի հիպերռեակցիան դրսեւորվում է որպես արձագանք՝ ցանկացած գրգռիչ, ոչ թե միայն սպառնալից խթանիչի: Գործնականում, եթե ՀՏՍԽ-ով ինչ-որ մեկը բախվում է հուզական ցանկացած բարձր մակարդակի, նույնիսկ եթե դա դրական զգացմունք է, ապա այս փաստը կարող է անմիջապես սպառնալիքի ճանաչման համակարգի ակտիվացում եւ, որպես հետեւանք, ցնցում առաջացնել:

 



© NEWS.am Medicine