Կորոնավիրուսի արհեստականորեն ստեղծված «փոխնակը» կօգնի բուժման մեթոդների եւ պատվաստանյութերի հետազոտման գործում

20:15   22 հուլիսի, 2020

Albert Einstein College of Medicine-ի գիտնականներն անվնաս վիրուսը կորոնավիրուսի յուրօրինակ «փոխնակի» են վերածել, որի միջոցով հնարավոր կլինի ավելի լավ ուսումնասիրել կորոնավիրուսը եւ դրա դեմ պայքարի նոր մեթոդներ գտնել: Հետազոտությունը հրապարակվել է Cell Host & Microb ամսագրում, հայտնում է Medicalxpress-ը:

Ինչպես նշել է ուսումնասիրության համահեղինակ եւ մանրէաբանության եւ իմունոլոգիայի պրոֆեսոր, դոկտոր Քարթին Չանդրանը, «իրական» կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունները սահմանափակ են, քանի որ մասնագետները ստիպված են աշխատել լաբորատորիաներում, որոնք ապահովում են կենսաանվտանգության անհրաժեշտ երրորդ մակարդակը (BSL3): Իսկ արհեստականորեն ստեղծված նոր վիրուսով կարելի է աշխատել կենսաանվտանգության երկրորդ մակարդակի (BSL2) լաբորատորիաներում, որոնք աշխարհում շատ ավելի շատ են։

Ինչպես իր հերթին նշել է մեկ այլ հետազոտող, դոկտոր Ռոհիտ Ջանգրան, կորոնավիրուսի «փոխնակը» կարող է հիանալի համակարգ դառնալ անվտանգ միջավայրում կորոնավիրուսի՝ մարդու բջիջներ ներթափանցման մեխանիզմների ուսումնասիրության համար: Այն նաեւ կարագացնի բուժման պոտենցիալ մեթոդների եւ պատվաստանյութերի ստեղծումը։

Այս պահի դրությամբ վիրուսի «փոխնակների» նմուշներն արդեն ուղարկվել են Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Կանադա եւ Միացյալ Նահանգներ: Այժմ դիտարկվում են հայտերը Մեծ Բրիտանիայից եւ Գերմանիայից։



© NEWS.am Medicine