Օդորակիչները կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը երկար հեռավորության վրա․ հետազոտություն

22:12   25 հուլիսի, 2020

Օդորակիչների շնորհիվ կորոնավիրուսը կարող է երկար հեռավորություններ անցնել: Այդ իսկ պատճառով օդորակիչները կարող են նպաստել միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվող մարդկանց զանգվածային վարակմանը, նախազգուշացնում են գերմանացի մասնագետները:

Փորձագետները նման եզրահանգման են եկել մի դեպքից հետո, որը տեղի էր ունեցել Գերմանիայում մսի գործարաններից մեկում, որտեղ մայիսին գրեթե 1․500 աշխատակից վարակվել էր կորոնավիրուսով:

Բրաունշվեյգում Հելմհելցի անվան վարակիչ հիվանդությունների հետազոտությունների կենտրոնի գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են իրականացրել եւ պարզել են, որ գործարանում զանգվածային վարակման պատճառ է դարձել օդորակիչը։

«Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ցածր ջերմաստիճանը, մաքուր օդի թույլ մատակարարումը եւ օդափոխման համակարգի միջոցով օդի մշտական ​​շրջանառությունը նպաստել են SARS-CoV-2 վիրուսի տեղափոխմանը մեծ հեռավորությունների վրա»,- պատմել է պրոֆեսոր Ադամ Գրյունդհոֆը:



© NEWS.am Medicine