Մասնագետները նշել են հիվանդության մասին, որը կորոնավիրուսի դեպքում մահվան հավանականությունը 12 անգամ մեծացնում է

10:59   27 հուլիսի, 2020

Շաքարային դիաբետով պացիենտները եթե վարակվում են կորոնավիրուսով, 6 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացման կարիք ունենում: Այս մասին նախազգուշացնում են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները, հայտնում է MedicalXpress պորտալը:

Նշված գիտնականների անցկացրած լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ դիաբետը նպաստում է կորոնավիրուսային ինֆեկցիայի ավելի ծանր ընթացքին: COVID-19-ի դեպքում բարդությունների ծանրության տեսակետից դիաբետը երկրորդ տեղում է սիրտ-անոթային հիվանդություններից հետո:

Կալիֆոռնիական համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Փրաքաշ Դիդվանյան հիշեցրել է, որ շաքարային դիաբետի ամենածանր բարդություններից մեկն է համարվում օրգանիզմի իմունային պաշտպանական ֆունկցիաների նվազումը: Դիաբետը նաեւ մեծացնում է գլխուղեղի եւ սրտի կաթվածների, վերջույթների իներվացիայի խախտումների, ինչպես նաեւ երիկամների ու տեսողության խնդիրների հավանականությունը:

Այս բոլոր խնդիրների կանխարգելման համար գիտնականները դիաբետիկներին խորհուրդ են տալիս մեծացնել ֆիզիկական ակտիվությունը (շաբաթական մինչեւ 150 րոպե), լիարժեք քնել, զբաղվել աուտոթրենինգով եւ հետեւել շնչառությանը: Նրանց խոսքով՝ դիաբետով մարդկանց համար հատկապես կարեւոր է այլ մարդկանց հետ շփվելիս պահպանել նախազգուշական բոլոր միջոցառումները:



© NEWS.am Medicine